Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարից առաջ տեղի է ունեցել թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ առ դեմ հանդիպումը։
Մարզիկները միմյանց հանդիպել են «Crypto.com» արենայում։ Ծառուկյանը ներկայացել է արևային ակնոցով։ Մի քանի վայրկյան տևած հայացքների մենամարտն անցել է առանց միջադեպերի։
Ծառուկյանն ու Ռուֆին միմյանց դեմ կպայքարեն սեպտեմբերի 19-ին կայանալիք UFC 331-ի ընթացքում։ Երևանի ժամանակով մենամարտը կկայանա սեպտեմբերի 20-ի առավոտյան։ Հինգ ռաունդանոց դիմակայությունը մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտն է, իսկ հաղթողը, ամենայն հավանականությամբ, կդառնա չեմպիոնական տիտղոսի հաջորդ հավակնորդը։
UFC-ի վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող Արման Ծառուկյանի պրոֆեսիոնալ MMA կարիերայում գրանցված է 23 հաղթանակ, որից 15-ը՝ ժամանակից շուտ, և 3 պարտություն։ Հայ մարզիկը ներկայում հաղթական 5 մենամարտից բաղկացած շարքում է։ Նախորդ մենամարտում նա երկրորդ ռաունդում սաբմիշնով հաղթել էր Դեն Հուկերին։
Վարկանիշային աղյուսակի 10-րդ համար Մաուրիսիո Ռուֆին ունի 14 հաղթանակ, որից 13-ը՝ նոկաուտով, և 2 պարտություն։ Բրազիլացի մարզիկը նախորդ մենամարտում առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել Մայքլ Չենդլերին։




























