Իրանի հետ հակամարտությունը մինչև սեպտեմբերի 3-ը ամերիկացի հարկատուներին արժեցել է 43,6 միլիարդ դոլար։ Այս մասին Կոնգրեսին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), որի օպերատիվ պատասխանատվության գոտին հիմնականում ներառում է Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան։
Ինչպես հաղորդել է զեկույցին ծանոթացած Punchbowl News պորտալը, 11,2 միլիարդ դոլարը ծախսվել է ռազմական գործողությունների իրականացման, 28,1 միլիարդը՝ զինամթերքի պաշարների համալրման, իսկ 4,3 միլիարդը՝ կորցրած տեխնիկայի փոխարինման համար։
Ավելի վաղ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը հայտնել էր, որ Իրանի հետ հակամարտությունը ԱՄՆ-ին ամսական կարժենա 2-3 միլիարդ դոլար, իսկ պատերազմի առաջին հինգ ամիսների ընթացքում արդեն ծախսվել է 38 միլիարդ դոլար։






















