ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹՈՒՐՔԵՐԸ` ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ

Թուրքական tursu.tv հեռուստաալիքը Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված նախագիծ է սկսել: Հեռուստաալիքը ծրագրել է վավերագրական ֆիլմ նկարահանել տարածաշրջանում հայկական քամանչա երաժշտական գործիքը տարածած հայ բանաստեղծ, երաժիշտ, բանահավաք, երգահան եւ աշուղ Սայաթ-Նովայի մասին: Նկարահանումները կատարվելու են Վրաստանում, Հայաստանում, Իրանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում: Այս երկրների մասնագետների ու արվեստագետների մասնակցությամբ նկարահանվող ֆիլմը նախատեսվում է ավարտել 2014-ի մարտին: Նախագիծն իրագործելու համար հեռուստաալիքը բացել է ֆիլմի նկարահանման աջակցության հիմնադրամ: Ուշագրավ է, որ անգամ թուրքերն են ֆիլմ նկարահանում մեծ աշուղի 300-ամյակի առթիվ, իսկ Հայաստանում այդ հոբելյանը նշվեց ընդամենը համերգային բնույթի միջոցառումներով:

ԱՐԳԵԼՎԱԾ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ամերիկացի գրող Ջերոմ Դեւիդ Սելինջերի կենսագրությունը, որը նա արգելել էր հրատարակել, Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 4 հազ. դոլարով: «Ջ. Դ. Սելինջեր. Կյանքը թղթի վրա» կենսագրությունը, որը գրել է բրիտանացի գրաքննադատ Են Համիլթոնը, նախկինում երբեք չի հրատարակվել: Սելինջերը 1987-ին դիմել է դատարան` պահանջելով արգելել այդ գրքի հրատարակումը, քանի որ այնտեղ մեջբերվում են իր անտիպ նամակները: 1988-ին այն հանվել է տպագրությունից եւ վերաշարադրվել: Հրատարակված նոր տարբերակը կոչվում է «Սելինջերին փնտրելիս»:

ԿՈԲԶՈՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: Նա մասնակցել է «Իմ Հայաստան» նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին, որոնք տեղի են ունեցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ: Կոբզոնը Հայաստան է ժամանել իր ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի շրջանակում: Նշենք, որ հայտնի երգիչը բազմիցս է համերգներ տվել Երեւանում եւ արժանացել տարբեր պետական պարգեւների. նա «Մեսրոպ Մաշտոցի» շքանշանակիր է: Կոբզոնն իր ստեղծագործական գործունեության ընթացքում համերգներ է ունեցել աշխարհի 100 երկրներում: Հանրահայտ երգիչը Ռուսաստանի Գինեսի ռեկորդակիր է. նա ճանաչվել է երկրի ամենատիտղոսակիր արտիստը:




Լրահոս