Գրող-հրապարակախոս, երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը երեք տարի առաջ հացադուլ էր անում Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ կառուցվող դելֆինարիումի դեմ, համոզված էր, որ հայաստանյան պայմաններում դելֆինները չեն կարողանալու ապրել: Եվ այդպես էլ եղավ։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արվեստաբանն անդրադարձավ մերօրյա մտավորականության տեղին եւ դերին։
-Մտավորականության հարցն ամենացավոտն է։ Զարմանալիորեն մի բանով բոլոր հեղափոխական շարժումները նման են եղել իրար` լինի նախորդ դարասկզբին, թե մեր վերջին հանրապետության կայացման օրերին։ Ժողովուրդի բերանը դնում էին մի արտահայտություն. «Ամոթ մտավորականությանը. նա մեզ հետ չէ»։ Եվ դա այն դեպքում, երբ մտավորականությունը երբեք չի եղել մի միասնական մեխանիզմ. մտավորականությունն ամբոխ չէ, կուսակցություն չէ, անհատներից է բաղկացած։
-Ի վերջո, եթե անհատականություն չէ, մտավորական էլ չի կարող լինել։
-Այո՛, անհատներ, ովքեր իսկապես ոտքի են կանգնել, խիզախել, պայքարել են։ Սակայն եղել է նաեւ, այսպես կոչված, մտավորականություն, որը բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում, օգտագործելով որոշակի գաղափարական, նյութական լծակներ, պարզապես դարձել է յուրաքանչյուր քաղաքական ռեժիմի հուսալի հենարանը։ Ասել են՝ ամոթ մտավորականությանը նաեւ ղարաբաղյան շարժման առաջին օրերին։ Շատ ցավալի էր տեսնել, որ այդ տհաճ արտահայտությունը շուրթերին՝ հանրահավաքից գալիս եւ թքում էին գրողների միության դռան վրա։ Եվ դա այն դեպքում, երբ անկախությունը, անկախության գաղափարը, այսպես ասած, պատրաստողները եւ իրագործողների առաջին ուժերը եղել են հենց հայ մտավորականները։
-Հիշենք թեկուզ Միքայել Նալբանդյանին։
-Այո՛, նաեւ Շահրիմանյանին, ուրիշներին… Շատ լավ օրինակ բերեցիք, որովհետեւ Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»-ն այսօր էլ մնում է որպես հայ իրականության նաեւ շատ ժամանակակից պրոբլեմներ վեր հանող աշխատություն։ Ստացվում է, որ մտավորականությանը կարող են սոված թողնել, հալածել, քարկոծել, իսկ հետո ասել՝ մտավորականությունը մեզ հետ չէ։ Հիմա նույն վիճակն է. յուրաքանչյուր քաղաքական ուժ հայհոյում է մտավորականությանը եւ չի մտածում, որ Երվանդ Օտյանը, Հակոբ Պարոնյանը կամ Լեռ Կամսարը նույնպես մտավորականությանն են ներկայացնում։ Ամբողջ հարցն այն է, թե դու ում ես մտավորական համարում։ Ես հաճախ ցավով տեսել եմ, թե ովքեր են խցկվում որպես մտավորական, ասենք, թեկուզ կառավարության կամ նախագահական միջոցառումներին, ում են ներկայացնում, ում են տալիս մրցանակներ, պատիվ… Հաճախ տեսնում ես այնպիսի մի գորշություն… 55 տարի մշակույթի ոլորտում եմ եւ զարմանում եմ, երբ ինձ լրիվ օտար դեմքեր եմ տեսնում, պարզապես պատահական մարդկանց, պատեհապաշտների, կոմֆորմիստների… Եվ նրանց չի կարելի երբեք մտավորականություն համարել։ Եվ ոչ էլ կարելի է քաղաքական գործիչ համարել յուրաքանչյուր մարդու, ով քաղաքական կուսակցություն է ստեղծում, կամ էլ դիվանագետ համարել յուրաքանչյուր մարդու, ով, ասենք թե, արտգործնախարարությունում է աշխատում։ Մտավորականն ինձ համար այն մարդն է, ով իր մտավոր կարողություններով, ներուժով իսկապես մտածող է, մարդ է, ով միայն մի հոգս ունի՝ մտածել եւ իր գործը, մտահղացումները կյանքի կոչել։ Եվ չակնկալել ո՛չ մրցանակներ, ո՛չ էլ հարստություն։ Մտավորականությունը ներքին վիճակ է, կոչում, մտավորական չեն դառնում, դա գենետիկ վիճակ է։
-Ներկայումս ընդդիմադիր քաղաքական ուժերի պասիվության ֆոնին շատ ակտիվ են քաղաքացիական շարժումներին հարող երիտասարդները: Դա Ձեզ ուրախացնո՞ւմ է։
-Երիտասարդությանը բնորոշ է խանդավառությունը, ոգեւորվելը, բայց, ցավոք, երբեմն խանգարում է կենսափորձի կամ գիտելիքի պակասը։ Լավագույն ձեւով ասել է իմաստունը. «Եթե երիտասարդներն իմանային, իսկ տարեցները կարողանային…»։ Երիտասարդությունը նաեւ ինքնահաստատվում է, ամբիցիաներ են, նաեւ փոխադարձ պայքար է ընթանում, երբեմն տաքգլխություն է… Ոմանք էլ պարզապես ներդրվել են երիտասարդական շարժումների մեջ զանազան նպատակներով, հաճախ՝ նաեւ քայքայելու համար այդ շարժումները։ Եվ ակամայից երիտասարդները դառնում են քաղաքական, տնտեսական շահագրգռությունների սպասարկու, եւ այդ պատճառով ես, նաեւ իմանալով` ով եւ ինչ է անում, մի քիչ այդ շարժումների նկատմամբ վստահություն չեմ տածում։ Ընդ որում, շատ միջոցառումների մասնակցում եմ, խորհուրդներ եմ տալիս, նաեւ ինձ վրա եմ ընդունել երիտասարդներին ուղղված հարվածները։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ շարժումները, կուսակցությունները հաճախ դառնում են որոշակի շահերի կամակատարներ, եւ այդ իսկ պատճառով ես միշտ գնահատել եմ մտավորականի առաջին հատկությունը՝ նրա անհատ լինելը եւ պայքարը միայնակ մղելը։ Հենց այդպես էլ, իմիջիայլոց, եղել է դարերի ընթացքում։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ