«Նոր վարչապետը կլինի շարքային և գորշ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ըստ գրող Վահրամ Թաթիկյանի, ոչ միայն նրա, այլև Սերժ Սարգսյանի վհատության, հուսահատության և անօգնականության հետևանք էր:

«Ես՝ որպես իրոք բնապահպանությանը նվիրված մարդ, այլ ոչ թե որպես գրանտներ ստացող բնապահպան, բազմիցս քննադատել եմ Տիգրան Սարգսյանի շատ գործողություններ՝ կապված Հայաստանի բնության շահագործման հետ»,- անդրադառնալով ՀՀ վարչապետի հրաժարականին՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց  գրող Վահրամ Թաթիկյանը:

«Ավելին, ես այն մարդկանցից մեկն եմ, որ վարչապետին շատ լավ իմանալով արմատից՝ իր ամեն ինչով, ոչ միայն չեմ ընդունել, այլև նույնիսկ «Ֆեյսբուք»-ում նրան նվիրված մի ծաղրական ալբոմ ունեմ: Հանուն ճշմարտության ասեմ՝ մի քիչ անողոք, զգաստացնող ալբոմ էր, և եթե այսօր որևէ պաշտոնյայի վերաբերյալ նման բաներ գրես, քեզ կտան-կսպանեն, բայց ինքը բավականին լոյալ և հանդուրժող էր»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ապա որպես գրող կարևորեց այն հանգամանքը, որ վարչապետը «խոսում էր բավականին կիրթ հայերենով, բավականին խորը գիտելիքներ ուներ»: Իսկ թե ինչ նպատակի է ծառայեցրել այդ գիտելիքները, կախված է եղել պետական համակարգից. «Այսինքն՝ դրանք կուղղվեն ժողովրդի բարօրությա՞նը, թե՞ կծառայեն անձնական հարստացմանը: Եվ երբ իշխում է անձնական հարստացման հրամայականը, վարչապետը նույնպես, ունենալով բոլոր հնարավորությունները, մի քիչ էլ գնացել է այդ ճանապարհով»: Մեր զրուցակիցը համոզված է, որ եթե այսօր պետական համակարգը պեղեն, շատ կդժվարանան կիրթ, ներկայանալի մարդ գտնել նրան փոխարինող, և «նշանակվելու է  հերթական շարքային, բավականին գորշ, աններկայանալի, չընդունված անձնավորություն»:

Ըստ մեր զրուցակցի՝ հրաժարականն իր համար բավականին անսպասելի էր: «Ես գուշակ չեմ, չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչն է եղել նրա հրաժարականի պատճառը, բայց կարծում եմ, որ դա ինչ-որ ազդակներով պայմանավորված որոշում էր:

Ես «Ֆեյսբուք»-ի էջում գրել եմ մի կարևոր միտք, որ գետն անցնելիս ձին չեն փոխում անկախ այն բանից՝ հոգնա՞ծ է ձին, անկարո՞ղ է, թե՞ հզոր: Ես այդ քայլը նաև վարչապետի խորին վհատության, հուսահատության, գուցե անօգնականության հետևանքն եմ համարում: Ու նաև՝ նախագահի: Դա ինձ համար լուրջ ահազանգ է, ու ես ենթադրում եմ, որ վարչապետի հրաժարականն ավելի շատ առնչվում է, ասենք թե, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների կատարյալ աբսուրդին և ձախողմանը: Նա ու նաև նախագահը փորձում էին ինչ-որ մի բալանս գտնել, սակայն դա նրանց չհաջողվեց: Իսկ դա այսօր Հայաստանի հարց չէ, համաշխարհային հարց է:

Ամեն դեպքում, եթե Հայաստանի նման բավականին օրհասական վիճակում գտնվող երկրի այս կարգի բարձրաստիճան պաշտոնյա հրաժարական է տալիս, դա նշանակում է, որ կան նաև որոշակի ներքին ուժեր, որոնք բավականին ակտիվ պայքարում են հանուն իշխանության և ուժեղ են գտնվել իրենց համառ պայքարում՚:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 




Լրահոս