ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցներում սկսել է ընդունել, որ Իրանի հետ հակամարտությունը բացասաբար է անդրադարձել Հանրապետական կուսակցության դիրքերի վրա՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ։
Այս մասին հայտնել է The Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով Թրամփի վերջին հայտարարություններին քաջատեղյակ չորս աղբյուրի։
Ըստ հրապարակման՝ վերջին շաբաթներին Թրամփը սկսել է ավելի լուրջ վերաբերվել կուսակցության ներսում տիրող քաղաքական իրավիճակին և ավելի մեծ ուշադրություն դարձնել իր խորհրդատուների ներկայացրած հարցումների արդյունքներին։ Նախագահի խորհրդատուները նույնպես ավելի բաց են խոսում նրա հետ հանրապետականների առջև ծառացած քաղաքական մարտահրավերների մասին։
«Թրամփը որոշակիորեն գիտակցում է, որ իր որոշ քայլեր հանգեցրել են իր վարկանիշի անկմանը, և որ միջանկյալ ընտրությունների հեռանկարն այնքան էլ բարենպաստ չէ»,— նշել է աղբյուրներից մեկը։ Սակայն *Washington Post*-ի մեկ այլ աղբյուր կասկածի տակ է դրել այն պնդումը, թե Թրամփն ընդունում է իր պատասխանատվությունը՝ նշելով, որ նախագահը հիմնական խնդիրը համարում է այն հանգամանքը, որ ինքն անձամբ այս տարի չի մասնակցելու ընտրություններին։
Հրապարակման մեջ նշվում է, որ նոյեմբերյան ընտրություններին ընդառաջ՝ Թրամփը փորձում է մեծացնել հանրապետական թեկնածուների նկատմամբ աջակցությունը։























