ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմի հետևանքով Ռուսաստանը փաստացի կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության ոլորտի նկատմամբ։ Նրա խոսքով՝ ռուսական նավթավերամշակման գործարանների մեծ մասը պայթեցվել է և ժամանակավորապես չի գործում։
Թրամփը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները։ Նրա հայտարարությունը հնչել է Վլադիմիր Զելենսկու հետ սպասվող հանդիպումից առաջ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Սև ծովում էներգետիկ թիրախների դեմ հարվածների հնարավոր փոխադարձ դադարեցումը։
Ուկրաինան պատերազմի ընթացքում պարբերաբար հարվածներ է հասցնում ռուսական նավթային ենթակառուցվածքներին՝ տնտեսական ճնշումը մեծացնելու նպատակով։ Կիևը պատրաստակամություն է հայտնել էներգետիկ զինադադարի հարցում, մինչդեռ Կրեմլը գաղափարը դրական է գնահատել, բայց այն կապել է լրացուցիչ պայմանների, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հետ։




























