ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետի որոշմամբ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ։
Համապատասխան որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը։
Իսկ ի՞նչ կանոնադրություն է դա։ Կարճ ասած՝ «Խաղաղության խորհուրդը» միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է հակամարտությունից տուժած տարածքներում նպաստել կայունությանն ու խաղաղության ապահովմանը։ Կանոնադրությամբ նախատեսվում է նաև խաղաղության հաստատման լավագույն գործելակերպերի մշակում և տարածում՝ միջազգային իրավունքի շրջանակում։
Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է 2026 թվականի հունվարի 22-ին։ Նույն օրը այն ստորագրել են նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքիան, Հունգարիան, Ղազախստանը, Պակիստանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ուզբեկստանը։ ԱՄՆ-ը կանոնադրությունը ստորագրել էր հունվարի 16-ին։
Կառավարությունը նախատեսել է նախ դիմել Սահմանադրական դատարան՝ կանոնադրությամբ ստանձնվող պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար, և ՍԴ համապատասխան որոշումից հետո այն ներկայացնել Ազգային ժողով։
Սոնա Գրիգորյան




























