Armenian text to speach

Այս կիրակի Լերմոնտովոյում ընտրություններ են․ 1997-ից համայնքը ղեկավարող Չախալյանը միակ թեկնածուն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվելու նաև Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ Ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։ Լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն գործող համայնքապետ Էդիկ Չախալյանն է։

Էդիկ Չախալյանը Լերմոնտովո համայնքը ղեկավարում է դեռևս 1997 թվականից։ Այսինքն՝ նա համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է շուրջ 29 տարի։

Համայնքների խոշորացումից հետո՝ 2021 թվականի նոյեմբերին, Չախալյանը կրկին ընտրվել է՝ արդեն խոշորացված Լերմոնտովո համայնքի ղեկավար։

Լերմոնտովո համայնքում ընտրողների թիվը 725 է։ Ըստ հրապարակված տվյալների՝ նրանց շուրջ 80 տոկոսը ռուսներ են, հիմնականում՝ մոլոկաններ։ Էդիկ Չախալյանը որևէ կուսակցության անդամ չէ։

Այս համատեքստում ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք ունի համայնքը շուրջ երեք տասնամյակ ղեկավարող Էդիկ Չախալյանը։

15 միավոր անշարժ

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբում նրա սեփականության տակ եղել է 15 միավոր անշարժ գույք։ Դրանք հիմնականում Լերմոնտովո համայնքում գտնվող հողամասեր են։ Դրանց թվում է նաև անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով։

Հայտարարագրում նշված է, որ գույքի ձեռքբերման տարիները հիմնականում 2001, 2008, 2010, 2011, 2022 և 2023 թվականներն են։

2025 թվականի ընթացքում Չախալյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել։ Փոխարենը՝ 2025 թվականի նոյեմբերի 18-ին նա 1 մլն դրամով վաճառել է իրեն պատկանող հողամասը։

Տարվա վերջին Չախալյանի հայտարարագրում մնացել է 14 միավոր անշարժ գույք։ Դրանց թվում են Լերմոնտովոյում գտնվող հողամասեր և անհատական բնակելի տուն։ Երկու հողամասերի դեպքում նրա սեփականության բաժինը 1/2 է։

Դրամական միջոցները

Չախալյանի բանկային ավանդի մնացորդը 2025 թվականի սկզբում կազմել է 500,000 դրամ, իսկ տարեվերջին՝ 550,000 դրամ։

Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբի 50,000 դրամից տարեվերջին հասել է 100,000 դրամի։

Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 50,000 դրամից աճել են մինչև 120,000 դրամ։

2025 թվականի եկամուտը՝ 3.9 մլն դրամ

Լերմոնտովոյի համայնքապետը 2025 թվականին հայտարարագրել է ընդհանուր 3,987,700 դրամ եկամուտ։

Դրանից 804,000 դրամը կազմել է Սոցիալական հարցերի նախարարությունից ստացած կենսաթոշակը, իսկ 3,183,700 դրամը՝ Լերմոնտովոյի համայնքապետարանի աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունն ու դրան հավասարեցված այլ վճարումները։

Հայտարարագրում տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր, ներդրումներ, փոխառություններ, 4 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք, ինչպես նաև 90 և ավելի օր փաստացի տիրապետվող այլ գույք նշված չեն։

2025 թվականի ընթացքում Էդիկ Չախալյանը նաև 2 մլն դրամը գերազանցող միանվագ ծախսեր չի հայտարարագրել։

Սոնա Գրիգորյան




Լրահոս