ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՐԾԱՐՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ
«Առավոտ»-ն անդրադարձել է «Վիկիլիքս»-ի՝ 2008թ. սեպտեմբերի 8-ով թվագրված բացահայտումներից մեկին, որում նշված է, որ Դավիթ Շահնազարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից դիմել է ԱՄՆ փոխդեսպանին` խնդրելով իրենց առաջարկած գործարքը  փոխանցել  Սերժ Սարգսյանին. «Հաշվի առնելով ԼՏՊ-ի եւ նախագահ Սարգսյանի «ընդհանուր շահը» Քոչարյանի քաղաքական վերադարձը կասեցնելու հարցում, Շահնազարյանն ասաց, որ ԼՏՊ-ի ճամբարը պատրաստ է հրաժարվել փողոցային բողոքներից եւ ընդդիմադիր այլ գրգռիչ (provocative) գործողություններից, եթե նախագահ Սարգսյանն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ազատ արձակի ընդդիմության մոտ 75 աջակիցներին, որոնք շարունակում են բանտում մնալ մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ»:

ՍԵՐԺԸ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Աշխատանքային այցով Ռուսաստան ժամանած Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷս) միջպետական խորհրդի նիստին:  armlur.am ի տեղեկացմամբ` Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անունից տրված հանդիսավոր ընդունելությանը, որը նվիրված է ԱՊՀ 20-ամյակին: Եվրոպական-ասիական տնտեսական ընկերակցության հաջորդ նիստը կայանալու է 2012թ. մարտին Մոսկվայում:

ՏՈՆԱԾԱ՛Ռ ՋԱՆ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր` երեկոյան ժամը ուղիղ 20:00-ին, բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ` մասնակցելու հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացման արարողությանը: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դրանով կազդարարվի մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը:

ԼԵՎՈՆՆ ԸՆԴԴԵՄ ՎԱՆՈՅԻ՞
2008 թվականին  «Յոթի գործով» ազատազրկման դատապարտված եւ 2009-ին ԱԺ կողմից հայտարարված համաներմամբ ազատ արձակված ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը (Ճուտ) «Առավոտ»-ին ասել է, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իրեն դեռ 2007-ին ասել է. «Հենց Լեւոնը եկավ իշխանության, առաջին հերթին բոլոր «վանոյականներին» է մեկուսացնելու»: «Ինձ թվում է` Ռուբեն Հայրապետյանի ասածը ճիշտ դուրս եկավ, չնայած այդ պահին չհավատացի»,-նշել է Սիրունյանը` նկատի ունենալով դեռ իշխանության չեկած ՀԱԿ-ի կողմից «վանոյական» ՀՀՇ-ականների` Արարատ Զուրաբյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի դեմ Կոնգրեսի կողմից սկսված «հալածանքներն ու բանսարկությունները»:

ՄՈՒԿԸ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՉԷ
ՀՀԿ-ն ապօրինի կերպով նախընտրական շտաբ է ձեւավորել այն դեպքում, երբ ՀՀ ընտրական օրենսգիրքն ասում է, որ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող թեկնածուները, կուսակցական դաշինքներն ընտրությունը նշանակելուց հետո միայն կարող են ձեւավորել նախընտրական շտաբ: Այս մասին ահազանգել է ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, որին հակադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը` պնդելով, որ իրենք դեռեւս շտաբ չունեն: «Շտաբի պետն ունեք, տեղակալն ունեք: Ի՞նչ է,  հիմա Հովիկ Աբրահամյանը գործազո՞ւրկ է»,-հարցրել է Ֆելիքս Խաչատրյանը, ինչին Համլետ Հարությունյանը պատասխանել է . «Ո՛չ, գործազուրկ չէ, ԱԺ պատգամավոր է»:




Լրահոս