Ծավի խմելու ջրի մեջ սնդիկի հայտնաբերման դեպքից 10 օր անց, դեռ ոչ մի բան պատկան մարմինները չեն պարզել:
ArmLur.am-ը մի քանի անգամ փորձել է տեղեկություն ստանալ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ)։ Առաջին անգամ ՀՎԿԱԿ-ից մեզ հայտնել էին, որ նմուշառում է իրականացվում և հորդորել էին զանգահարել 3-4 աշխատանքային օր անց՝ հստակ պատասխան ստանալու համար։
Սակայն սեպտեմբերի 15-ին ՀՎԿԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.
«Խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է արտադրական հսկողություն՝ ջրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, իսկ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ։ Միաժամանակ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման շրջանակում ՀՎԿԱԿ-ն իրականացնում է խմելու ջրի անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու հնարավոր սանիտարահամաճարակային ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան հանրային առողջապահական միջոցառումներ»։
ArmLur.am-ը դիմել է նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ պարզելու, թե ի վերջո ինչպես է սնդիկը հայտնվել Ծավի ջրում։ Սակայն տեսչական մարմնից ևս հորդորել են գրավոր հարցում ուղարկել։
Անհասկանալի է դառնում նաեւ այն, թե ինչու է հարցի պարզաբանմանումից խուսափում ՀՎԿԱԿ-ը եւ այն խնդրի պատասխանն ստանալու համար հղում անում մյուս մարմնի լիազորություններին։
Այնուամենայնիվ, ArmLur.am-ը նույն օրը գրավոր հարցում է ուղարկել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ մի շարք հարցադրումներով։ Այժմ սպասում ենք պատասխանի։
Հիշեցնենք, որ Սյունիքի Ծավ գյուղի խմելու ջրում սնդիկ է հայտնաբերվել։ Կրկնակի նմուշառում է իրականացվել 4 կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից, և սեպտեմբերի 11-ի արդյունքներով կրկին արձանագրվել է նույն շեղումը։
ՀՎԿԱԿ-ը զգուշացրել է, որ մինչև ջրի որակի վերականգնումը Ծավի բնակիչները չօգտագործեն այդ ջուրը ո՛չ խմելու, ո՛չ կենցաղային նպատակներով։
Նանիկ Աղասյան




























