Armenian text to speach

Սպիտակի համայնքապետի ունեցվածքը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել համայնքների ղեկավարների պաշտոնական հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելով նրանց ունեցվածքն ու եկամուտները։
Այս անգամ ուսումնասիրել ենք Սպիտակի համայնքի ղեկավար, ավագանու անդամ Քաջայր Նիկողոսյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը։
Նիկողոսյանը 2021 թվականի ապրիլի 2-ից հունիսի 15-ը զբաղեցրել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը։ 2021 թվականի հունիսի 16-ից նշանակվել է Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նույն տարվա դեկտեմբերի 5-ին ընտրվել է Սպիտակ միավորված համայնքի ավագանու անդամ, իսկ դեկտեմբերի 17-ին ստանձնել է համայնքի ղեկավարի լիազորությունները։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Սպիտակ համայնքի ավագանու համանուն խմբակցության անդամ է։

Ի՞նչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը

2025 թվականի ավարտի դրությամբ Քաջայր Նիկողոսյանի հայտարարագրում առկա է 6 միավոր անշարժ գույք։ Դրանցից մեկը Երևանի բնակարան է, որից նրան պատկանում է 1/3 բաժնեմասը։ Նա ունի նաև Սպիտակում գտնվող ավտոտնակ, Երևանում ոչ բնակելի տարածք, ևս մեկ բնակարան Երևանում, Սպիտակում գտնվող բնակարան և հողամաս։
2025 թվականին Նիկողոսյանը որևէ նոր անշարժ գույք չի ձեռք բերել և գույք չի օտարել։
Համայնքապետի հայտարարագրում տրանսպորտային միջոցներ չկան։

Եկամուտը՝ 7.8 մլն դրամ

2025 թվականին Քաջայր Նիկողոսյանի ընդհանուր եկամուտը կազմել է 7,871,241 դրամ։ Դրանից 5,904,412 դրամը ստացել է Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, 1,421,429 դրամը՝ եկամտային հարկի վերադարձից, իսկ 545,400 դրամը՝ կենսաթոշակից։
Նրա բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբի 467,354 դրամից տարեվերջին նվազել է մինչև 113,077 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները 21,000 դրամից նվազել են մինչև 15,000 դրամ։

Այսպիսով, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի 2025 թվականի հայտարարագրում առկա է 6 անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ չկան, իսկ տարվա ընթացքում նրա հայտարարագրված եկամուտը կազմել է 7.87 մլն դրամ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս