Ֆրանսիան հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերությունների «նորմալացման» գործընթացի մեկնարկի մասին՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը ներում է շնորհել և ազատ արձակել ֆրանսիացի գործարար Մարտին Ռայանին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռայանի ազատ արձակումը «նշանակում է քայլ դեպի Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունների նորմալացում»։ Ֆրանսիայի դեսպանատան միջոցով Բաքվում տարածված հայտարարության մեջ նշվել է, որ Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսությունը եղել է «համբերատար և պահանջկոտ», և Փարիզը մտադիր է այն շարունակել։
Մարտին Ռայանը Ադրբեջանում ձերբակալվել էր 2023 թվականի դեկտեմբերին, իսկ հետագայում դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով։ Ֆրանսիան ադրբեջանական դատավարությունը վիճարկել էր՝ այն համարելով կամայական և անարդար։
Ռայանը սեպտեմբերի 23-ին ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներման հրամանագրով և կարճ ժամանակ անց մեկնել Փարիզ։
Նրա ազատ արձակումը տեղի է ունեցել ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության պայմաններում։ Euronews-ի տվյալներով՝ գործընթացը կապվում է նաև ուզբեկա-ռուսական ծագմամբ գործարար Ալիշեր Ուսմանովին ԵՄ-ի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակից հանելու հարցի հետ։ Ֆրանսիան աջակցել էր Ուսմանովին ցուցակից հանելուն, իսկ դրա շրջանակում քննարկվել էր Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման հարցը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարության մեջ, սակայն, Ուսմանովի անունը չի հիշատակվում։ Փարիզը Ռայանին ներում շնորհելը բնութագրել է որպես «մարդասիրական ժեստ», որը Ֆրանսիան ողջունում է։
Euronews-ը նշում է, որ Ֆրանսիայի հայտարարությունը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակների հակամարտությունից հետո ընթացող խաղաղության և հաշտեցման գործընթացի հետ։ Ֆրանսիան երկար տարիներ եղել է Հայաստանի աջակիցներից մեկը։
Միաժամանակ, Փարիզի հայտարարությունը հնչում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ Եվրամիության հարաբերությունների ընդլայնման ավելի լայն գործընթացի ֆոնին։
Անի Վարդանյան
























































































