Ռուսաստանը մինչև 25 հազար Հյուսիսային Կորեայի քաղաքացի է ներգրավում անօդաչու թռչող սարքերի արտադրության աշխատանքներում։ Այս մասին գրում է Euronews-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Բազմակողմ պատժամիջոցների մոնիթորինգի թիմի (MSMT) զեկույցը և այլ աղբյուրներ։
MSMT-ի տվյալներով՝ 2025 թվականի վերջին Ռուսաստանում գտնվել է 15-30 հազար հյուսիսկորեացի աշխատող, որոնցից մինչև 1000-ը աշխատել են ռազմավարական նշանակության օբյեկտներում, այդ թվում՝ պաշտպանական, մետալուրգիական և նավաշինական ձեռնարկություններում։
Ուկրաինական «Ukrainska Pravda»-ն հայտնել է, որ մինչև 25 հազար հյուսիսկորեացի աշխատում է Թաթարստանի «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում, որտեղ հավաքվում են իրանական «Շահեդ» անօդաչու սարքերի ռուսական տարբերակները։ Radio Liberty-ի տվյալներով՝ հյուսիսկորեացիները որպես «ուսանողներ» են գրանցվում՝ արտերկրում Հյուսիսային Կորեայի քաղաքացիների աշխատանքի արգելքը շրջանցելու համար։
Միայն 2025 թվականին Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին տրամադրել է ավելի քան 36,400 վիզա, որոնցից 35,800-ը եղել են ուսանողական վիզաներ։
Հյուսիսկորեացի աշխատողները, ըստ հրապարակման, հիմնականում կենտրոնացած են Թաթարստանում, մասնավորապես՝ «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում։ Նրանց ներկայությունը գրանցվել է նաև Ռուսաստանի Հեռավոր Արևելքում՝ Վլադիվոստոկում, Խաբարովսկում և Սախալինում, ինչպես նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Իրկուտսկում։
Պատժամիջոցների շրջանցման մեխանիզմ
ՄԱԿ-ի պատժամիջոցները 2017 թվականից արգելում են Հյուսիսային Կորեայի քաղաքացիների արտահանումը՝ որպես աշխատուժ, սակայն MSMT-ի զեկույցի համաձայն՝ Մոսկվան և Փհենյանը ձևավորել են սահմանափակումները շրջանցելու մեխանիզմներ։
Հյուսիսկորեացիները զանգվածաբար գրանցվում են ուսանողական և զբոսաշրջային վիզաներով, ինչի միջոցով թաքցվում է նրանց իրական աշխատանքային կարգավիճակը։ Զեկույցում նաև նշվում է, որ որոշ ռուսական բուհեր կեղծ ուսումնական ծրագրեր են կազմակերպել՝ այդ քաղաքացիներին աշխատանքային գործունեության հնարավորություն տալու համար։
MSMT-ի տվյալներով՝ հյուսիսկորեացի աշխատողների միջին տարեկան եկամուտը կազմում է մոտ 7500 դոլար, սակայն դրա գրեթե ամբողջ մասը, ըստ զեկույցի, փոխանցվում է Հյուսիսային Կորեայի իշխանություններին։ 2025 թվականին Փհենյանը արտերկրում իր քաղաքացիների աշխատանքից ստացել է մինչև 800 մլն դոլար։
Զեկույցում նշվում է նաև, որ աշխատողների տեղաշարժը խիստ սահմանափակվում է, նրանք գտնվում են Հյուսիսային Կորեայի անվտանգության ծառայությունների վերահսկողության ներքո և բնակվում են փակ հանրակացարաններում։
Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմական ու արդյունաբերական համագործակցությունն ակտիվացել է վերջին տարիներին։ Փհենյանը Ռուսաստանին մատակարարել է զինամթերք և զենք, ինչպես նաև ռազմական մասնագետներ, իսկ հյուսիսկորեացի զինվորականներ ներգրավվել են Ուկրաինայի դեմ պատերազմում։
Euronews-ը նշում է, որ Ռուսաստանում աշխատուժի պակասի պայմաններում հյուսիսկորեացի աշխատողները հատկապես կարևոր են դարձել պաշտպանական արդյունաբերության համար։
Անի Վարդանյան
























































































