Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնական որոշում է կայացրել Ուկրաինային Patriot հակահրթիռային համակարգերի հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ։
Զելենսկին հայտնել է, որ այս մասին Թրամփն իրեն ասել է ԱՄՆ վերջին այցի ընթացքում։ Նրա խոսքով՝ Ուկրաինան կստանա Patriot հրթիռների արտադրության լիցենզիա։
Կիևը երկար ժամանակ պահանջում է նման հնարավորություն՝ նշելով, որ Patriot համակարգերը կարևոր են ռուսական բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար։ Ուկրաինան ներկայում բախվում է այդ հրթիռների պակասի, քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմից հետո առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները մասամբ ուղղվել են այլ կարիքների։
Միաժամանակ, նույնիսկ լիցենզիայի տրամադրման դեպքում Ուկրաինայում համապատասխան արտադրական կարողությունների ստեղծումը կարող է ավելի քան մեկ տարի պահանջել և չի լուծի Կիևի անհապաղ կարիքները։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինային ձմռանը դիմակայելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի Patriot կալանիչ հրթիռների պաշարի մոտ 5 տոկոսը,իսկ Ռուսաստանի արձակած բոլոր բալիստիկ հրթիռները խոցելու համար՝ մոտ 10 տոկոսը։
Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է հարվածները Ուկրաինայի քաղաքներին։ Ուրբաթ օրը Կիևում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 14-ամյա տղա։ Զելենսկին հարվածը որակել է որպես «դաժան» և հայտարարել, որ այն ռազմական տրամաբանություն չունի։
Ռուսական հարվածների հետևանքով մեկ մարդ էլ զոհվել է Օդեսայի շրջանում՝ փոստային ենթակառուցվածքի ուղղությամբ կրկնակի հարվածի հետևանքով։
Անի Վարդանյան



























