ՀՀԿ-ԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳԱ՞Զ Է ԳՈՂԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում արտառոց դեպք է գրանցվել. պարզվում է` Վարդենիսի քաղաքապետ, ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանը` Խլոն, փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանը եւ ՕԵԿ-ի` Վարդենիսի նախկին ներկայացուցիչ  Վիտյա Մկրտչյանը երեք տարի շարունակ գազի «լեւի գիծ» են ունեցել: Այսինքն` հարգարժան պաշտոնյաները մի քանի տարի շարունակ տաքացել են առանց վճարելու եւ միայն այս տարի են «բռնվել»: Իսկ բռնողը Վարդենիսի նախկին քաղաքապետ Վարդան Բարսեղյանն է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ամբողջ Վարդենիսում խոսում են, թե ինչպես է քաղաքապետը տարիներ շարունակ գազ գողացել եւ առոք-փառոք տաքացել` առանց անհանգստանալու, որ օրերից մի օր կբռնվի: Ինչպես բոլորին է հայտնի,  գողի եւ անառակ կնոջ գաղտնիքները 40 օրվա ընթացքում բացահայտվում են, չնայած այս անգամ գաղտնիքը հնարավոր է եղել տարիներով թաքցնել:
Ինչեւիցե, ներկայացնենք տեղի ունեցածը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Վարդենիսի նախկին քաղաքապետ, ներկայումս Վարդենիսի` «Հայռուսգազարդ»-ի տեղամասի ղեկավար, նախկին ՕԵԿ-ական, այժմ ՀՀԿ-ական Վարդան Բարսեղյանի հրամանով ստուգումներ են անցկացվել, եւ պարզվել է, որ իսկապես վերը նշված մարդիկ խախտումներ են կատարել: Փորձեցինք մեր տեղեկությունները ճշտել անձամբ պարոն Բարսեղյանից, ով հաստատեց մեր լուրը եւ ասաց. «Դեպքը մեկ ամիս առաջ ենք բացահայտել, բայց ասեմ, որ դեռեւս փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանի խախտած արդյունքների պատասխանն է լաբորատորիայից եկել, իսկ մնացած երկուսինը դեռեւս չի եկել»:
Պարոն Բարսեղյանը նշեց, որ գազը կարողացել են գողանալ գազի հաշվիչը «կանգնեցնելու» միջոցով, այսինքն` հին մեթոդների շնորհիվ այս պաշտոնյաներին հաջողվել է դանդաղեցնել հաշվիչի պտույտները եւ քիչ գումար մուծել: «Կանգնեցրել են, ինչի շնորհիվ քիչ ա գրել, կոնկրետ ժամկետը չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակ է, որ այդ ձեւով են գազն օգտագործել, բայց մոտավորապես մի երեք տարի առաջ է իրենց գազի հաշվիչը փոխվել, դե հնարավոր է` այդքան ժամանակ»,-ասաց  «Հայռուսգազարդ»-ի` Վարդենիսի տեղամասի ղեկավարը:
Ու թեեւ  քաղաքապետի եւ նախկին ՕԵԿ-ական Վիտյա Մկրտչյանի (որն, ի դեպ, ինքն է հրաժարվել այդ կուսակցության ներկայացուցիչը լինելուց) գազի հաշվիչների՝ լաբորատորիայի պատասխանները դեռեւս չեն եկել, բայց արդեն բոլորը վստահ են, որ քաղաքապետը եւս արժանանալու է փոխքաղաքապետի «բախտին», քանի որ ինքը եւս այդ քայլին դիմել է: Փաստ է, որ  հաշվիչն արդեն ուղարկվել է քննության: Սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչ տուգանք է սպասվում գազ գողացողներին: Բարսեղյանը վստահեցրեց, որ կապ չունի, թե ովքեր են խախտումներ կատարողները, բոլորն էլ պետք է պատժվեն օրենքով:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Վարդենիսի փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է նման քայլի դիմել: Վերջինս կտրականապես հերքեց այն տեղեկությունը, որ իրեն «բռնել» են գազ գողանալիս. «Չէ՛, ըտենց բան չի եղել, ես առաջին անգամ ձեզանից եմ լսում, ես տեղեկացված չեմ տենց բանից, նկատի ունի, որ ինքը երեք տարի քաղաքապետ չի…ինչի՞ չի ասել հինգ-վեց, ասել ա երեք… իմ հաշվիչը հինգ տարվա վաղեմություն ունի,  եկել փոխել են, երեւի ինքը, որ քաղաքապետ չի ընտրվել, դրանից ա…»: Ի դեպ, ամբողջ Վարդենիսը տեղյակ է, որ Դավթյանը ՀՀԿ-ական է, սակայն վերջինս երեւի շփոթվել էր մեր տեղեկությունից եւ քանի որ ամեն ինչ հերքում էր, հերքեց նաեւ այդ փաստը. «Ես կուսակցական չեմ, ես կոմունիստ եմ եղել ու վերջ, ես ոչ մի կուսակցության չեմ պատկանում, ես ազատ մարդ եմ»:
Իսկ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ով հայտնի է իր հայհոյախառն բառապաշարով, որով վերջերս թույլ տվեց շփվել մեր թերթի հետ, այս անգամ էլ հրաժարվեց խոսել: Հիշեցնենք, որ սույն քաղաքապետը զանգահարել էր խմբագրություն եւ հայհոյում էր այն բանի համար, որ գրել էինք, թե Վարդենիսի մշակույթի տունը հրդեհվել է, իսկ քաղաքապետը դա թաքցնում է: Անգամ «Ժողովուրդ»-ի` այդ օրվա ողջ խմբաքանակը գնել էր: Ինչեւիցե, Խլոյանն այս անգամ երեւի լավ տրամադրության մեջ էր, քանի որ հայհոյանքի փոխարեն լսվեցին հետեւյալ խոսքերը. «Ես «Ժողովուրդ» թերթի հետ գործ չունեմ, մեռնեմ ջանիդ, Ձեր Նոր տարին շնորհավոր, ամենալավ ցանկություններս Ձեզ, հաջողություն» եւ անջատեց հեռախոսը:
Իսկ «Հայռուսգազարդ»-ի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը գազի գողության մասին տեղեկությունը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Մեզ մոտ բաժանորդ-մատակարար հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով` անկախ նրանից, թե բաժանորդն ինչ պաշտոն է զբաղեցնում կամ ինչ կուսակցության է պատկանում: Ինչ վերաբերում է չվճարելուն, ապա դա եւս կարգավորվում է սահմանված կարգով. չվճարումների դեպքում համապատասխան ընթացակարգով դիմում ենք իրավապահ մարմիններին, եւ դատական համակարգով վիճարկվում է հարցը»:
Մեզ մնում է սպասել, որ գողերը կպատժվեն:
Հ.Գ. Մի քիչ տարակուսելի է, որ «Հայռուսգազարդ»-ի աշխատակիցները մինչ այս չէին ստուգել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս