«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում առաջիկայում կարող է հերթական ուշագրավ զարգացումը լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանն ու Մոսկվան զուգահեռաբար քննարկում են միմյանց երկրներում իրենց դեսպանների փոխարինման հարցը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվայում արդեն նոր թեկնածու են փնտրում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխարինելու համար։ Միաժամանակ Երևանում արագացված գործընթաց է ընթանում՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի փոխարինման ուղղությամբ։
Ուշագրավն այն է, որ, ըստ իշխանական աղբյուրների, երկու կողմի դժգոհություններն էլ կապված են հենց դեսպանների աշխատանքի արդյունավետության հետ։
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ռուսական կողմում այն կարծիքն է ձևավորվել, որ Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում չի կարողացել անհրաժեշտ մակարդակի հարաբերություններ կառուցել և արդյունավետորեն աշխատել Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ պատճառով Մոսկվայում քննարկվում է նրան փոխարինելու հարցը։
Հայկական կողմում իրավիճակը, ըստ մեր աղբյուրների, որոշակիորեն հայելային է։ Երևանում դժգոհ են Գուրգեն Արսենյանի աշխատանքից և, մասնավորապես, այն հանգամանքից, որ նա չի կարողացել հայ-ռուսական հարաբերությունների դաշտում ապահովել այն արդյունքը, որն ակնկալվում էր նրանից։
Այսինքն՝ ստացվում է բավական ուշագրավ իրավիճակ․ երկու երկրների մայրաքաղաքներում էլ դեսպանների աշխատանքի արդյունավետության հարց է բարձրացվել, և երկու կողմերն էլ սկսել են նոր թեկնածուների որոնման գործընթաց։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները ՝ տեսանյութում․



























