ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել համայնքի ղեկավարների ունեցվածքն ու եկամուտները։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանն է։
Էդգար Արշակյանը Տաշիր համայնքը ղեկավարում է արդեն ավելի քան մեկ տասնամյակ։ Նա 2012 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 21-ը եղել է Տաշիր համայնքի ղեկավար, այնուհետև՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 11-ը կրկին ղեկավարել է համայնքը։ 2017 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 7-ը եղել է Տաշիր միավորված համայնքի ղեկավար։
2022 թվականի հոկտեմբերի 7-ին ընտրվել է Տաշիրի ավագանու անդամ, իսկ հոկտեմբերի 12-ին նշանակվել է համայնքի ղեկավար։ Արշակյանը անկուսակցական է և ավագանու «Միասնական համայնք» խմբակցության անդամ։
Ի՞նչ ունեցվածք ունի նա
Արշակյանի 2025 թվականի հայտարարագրում տարվա սկզբի և վերջի դրությամբ առկա է 4 անշարժ գույք։
Նա Տաշիրում ունի երկու հասարակական նշանակության շինություն, որոնցից մեկում նրա բաժինը 1/2 է, և այն ձեռք է բերվել 2019 թվականի հունիսի 9-ին, իսկ մյուսում ևս ունի 1/2 բաժին, որը ձեռք է բերվել 2016 թվականի հունիսի 9-ին։
Համայնքապետը նաև ունի անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով, որի 1/3 բաժինը ստացել է 2014 թվականի ապրիլի 7-ին՝ նվիրատվության եղանակով։
Չորրորդ գույքը ևս Տաշիրում գտնվող հասարակական նշանակության շինություն է, որի 1/3 բաժինը Արշակյանը ստացել է 2014 թվականի փետրվարի 6-ին՝ նվիրատվության եղանակով։
2025 թվականի ընթացքում նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և գույք չի օտարել։
Տրանսպորտ
Էդգար Արշակյանը հայտարարագրել է 2007 թվականի արտադրության ZAZ մակնիշի բեռնատար-բեռնաուղևորատար ավտոմեքենա։ Այն ձեռք է բերել 2014 թվականի հունվարի 20-ին՝ նվիրատվության եղանակով։
2025 թվականի ընթացքում նոր տրանսպորտային միջոց չի ձեռք բերել կամ օտարել։
Դրամական միջոցներ
Համայնքապետի բանկային հաշիվների մնացորդները 2025 թվականի ընթացքում աճել են։ Տարվա սկզբին մեկ հաշվում գումար չի եղել, իսկ տարեվերջին առկա է եղել 1 մլն 560 հազար դրամ։
Մյուս հաշվում 5 մլն 334 հազար 235 դրամը տարեվերջին դարձել է 7 մլն 875 հազար 699 դրամ, իսկ երրորդ հաշվի մնացորդը 3 մլն 289 հազար 212 դրամից հասել է 5 մլն 366 հազար 237 դրամի։
Եվրոյով հաշվում տարվա սկզբին գումար չի եղել, իսկ տարեվերջին առկա է եղել 2574.44 եվրո։
Կանխիկ միջոցների մասով տարվա սկզբին Արշակյանը հայտարարագրել է 12 մլն 500 հազար դրամ, 900 եվրո և 1000 ԱՄՆ դոլար։ Տարեվերջին եվրոյի և դոլարի գումարները մնացել են նույնը, իսկ կանխիկ դրամը նվազել է՝ կազմելով 10 մլն դրամ։
Եկամուտ
Էդգար Արշակյանի 2025 թվականի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 15 մլն 532 հազար 834 դրամ։
Դրանից 4 մլն 400 հազար 234 դրամը ստացել է Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն։
Բացի այդ, համայնքապետը վարձակալությունից եկամուտներ է ստացել տարբեր անձանց և կազմակերպություններից՝ ընդհանուր առմամբ մի քանի միլիոն դրամի չափով։ Մասնավորապես՝ «Արման Եգանյան Գառնիկի» ԱՁ-ից՝ 835 հազար դրամ, «Վիկտորիյա Գրիգորևա Վիկտորի» ԱՁ-ից՝ 1 մլն 340 հազար դրամ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից՝ 1 մլն 800 հազար դրամ, «Ակբա բանկ» ՓԲԸ-ից՝ 2 մլն 400 հազար դրամ, Ֆելիքս Ղարիբյանից՝ 540 հազար դրամ, «Դանիելյան»-ից՝ 1 մլն 400 հազար դրամ, «Ամիօ բանկ» ՓԲԸ-ից՝ 117 հազար 600 դրամ, իսկ «Փայլք»-ից՝ 2 մլն 700 հազար դրամ։
Սոնա Գրիգորյան






















