Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է այս պահին «Արարատցեմենտ» գործարանի մոտ․ ովքե՞ր են արտոնյալ ցեմենտ տանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին «Արարատցեմենտ» գործարանի դիմաց են գտնվում շինարարության ոլորտում աշխատող քաղաքացիներ և ահազանգում են այն մասին, որ «Արարատցեմենտ»-ի նոր կառավարիչ Դավիթ Գևորգյանը միայն ցեմենտ է տալիս «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին եւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքի հետ կապ ունեցող «ԴՌԱԳՍՄԱՆ» ընկերութանը:

Նկատենք, որ «ՄԼ Մայնինգ»-ը կապվում է ՀՀ նախկին հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ )աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի անվան հետ:

«Ժողովուրդ»-ը գրել էր Կառավարության կողմից ընկերությանը տրված խոշոր արտոնությունների մասին: Ինչպես «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն այնպես էլ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը հանրապետությունում խոշոր կառուցապատման գործընթացմների մեջ են եւ, ինչպես ահազանգում են շինարարները, նրանց արտոնություներ են տվել, ցեմենտ են տալիս , իսկ մանր ընկերություներին դնում են վատ իրավիճակներում՝ հասցնելով խոշոր վնասներ: Տեսանյութում ակնհայտ երևում է, որ այս պահին գործարանի տարածքից միայն ցեմենտով հեռանում են «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին, «ՀՍԿԱ» ՓԲԸ-ի եւ «ԴՌԱԳՍՄԱՆ» ընկերութան մեքենաները:

ArmLur.am-ը հայտնել էր, որ առավոտյան մի խումբ շինարարական ոլորտում աշխատող քաղաքացիներ վրդովված բողոքի ակցիա են իրականացնելու Արարատցեմենտ գործարանի դիմաց եւ պարզաբանումներ են պահանջելու Արարատցեմենտի նոր կառավարիչ Դավիթ Գևորգյանից։ Բանն այն է, որ շինարարության ոլորտում աշխատող շինարարները տեղեկություններ ունեն, որ Արարատցեմենտի նոր կառավարիչ Դավիթ Գևորգյանը իր ծանոթներին է ներքին կարգով ցեմենտ տալիս, ինչի հետեւանքով շինարարության ոլորտում աշխատող մի շարք ընկերություններ հայտնվել են փակուղու առաջ, ուստի պարզաբանումներ ստանալու համար վաղը գնում են Արարատցեմենտի գործարան։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Հայաստանում ցեմենտի շուկայում լուրջ խնդիրներ են առաջացել։ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած մի շարք կառուցապատողներ հայտնում են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։ Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ որոշ կառուցապատողներ ստիպված են բառացիորեն տարբեր վաճառքի կետերից փոքր խմբաքանակներով ցեմենտ հավաքել՝ շինարարական աշխատանքները չկանգնեցնելու համար։ Որոշ դեպքերում ապրանքը ձեռք են բերում նույնիսկ պարտքով կամ նախնական պայմանավորվածություններով՝ սպասելով նոր խմբաքանակների մատակարարմանը։ «Ժողովուրդ» օրաթերթին առայժմ չի հաջողվել պաշտոնապես պարզել, թե ինչով է պայմանավորված շուկայում ստեղծված իրավիճակը և արդյոք պետական մարմինները արձանագրել են ցեմենտի պակաս։ Սակայն ուշագրավ է, որ խնդիրը ծագում է հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի ցեմենտի շուկայի երկու խոշոր խաղացողների շուրջ էական փոփոխություններ են տեղի ունենում։ «Արարատցեմենտ»-ի շուրջ ամիսներ շարունակ իրավական և քաղաքական գործընթացներ են ընթանում։ Նիկոլ Փաշինյանի՝ գործարանի պետականացման մասին հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է պետությանը, իսկ հուլիսի 31-ին Էկոնոմիկայի նախարարի հրամանով ընկերությունում կառավարիչ է նշանակվել Դավիթ Գևորգյանը։ Գործարանը փաստացի խլվեց կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանից։ Մյուս խոշոր արտադրողը՝ տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտը», օրերս նոր սեփականատեր է ձեռք բերել։

Գործարանը գնել է գործարար Նարեկ Նալբանդյանը, որը հայտարարել է արտադրությունը վերականգնելու և ներդրումային ծրագիր իրականացնելու մտադրության մասին։ Սակայն այս պահին գործարանի արտադրական հզորությունները դեռ չեն վերադարձել շուկա։ Այս ամենին գումարվում է ներմուծման գործոնը։ Հայաստանի ցեմենտի շուկան վերջին տարիներին էապես կախված է եղել նաև ներմուծումից, մինչդեռ կառավարությունը հունիսին երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ ժամանակավոր սահմանափակում և լիցենզավորման նոր կարգ է սահմանել։ Պաշտոնական վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ դեռ մինչև այս զարգացումները տեղական արտադրության նվազման միտում կար. 2025 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է շուրջ 10 տոկոսով, իսկ 2026 թվականի հունվար-ապրիլին՝ ևս 4 տոկոսով։ Այս ֆոնին Իրանի շուրջ շարունակվող ռազմական լարվածությունն ու մատակարարման հնարավոր խափանումները լրացուցիչ ռիսկ են ստեղծում ներմուծման համար։ Այս պահին, իհարկե, փաստական հիմք չկա պնդելու, որ կառուցապատողների նկարագրած դեֆիցիտն ուղղակիորեն «Արարատցեմենտ»-ի շուրջ իշխանության սկսած գործընթացների հետևանքն է։ Սակայն ժամանակագրական համընկնումը և շուկայի կառուցվածքը առնվազն հարցեր են առաջացնում։

Ստացվում է՝ երկրի խոշոր արտադրողներից մեկի կառավարումը պետությունն է ստանձնել, մյուս խոշոր գործարանը տարիներ շարունակ չի արտադրել և նոր է սեփականատեր փոխել, ներմուծման ուղղությամբ էլ կան սահմանափակումներ ու արտաքին ռիսկեր։ Իսկ այս ամենի հետևանքներն արդեն, ըստ կառուցապատողների, զգացվում են շինհրապարակներում։ Եթե ցեմենտի մատակարարման խնդիրը շարունակվի, այն կարող է այլևս միայն շինանյութի շուկայի խնդիր չլինել․ շինարարությունների ժամկետների երկարաձգումը և ինքնարժեքի հնարավոր աճը կարող են իրենց հերթին ազդել նաև բնակարանաշինության և անշարժ գույքի շուկայի վրա։

Հարցն այժմ մեկն է՝ արդյո՞ք կառավարությունը վերահսկում է ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակը և ունի՞ ծրագիր հնարավոր դեֆիցիտը արագ հաղթահարելու համար, թե՞ իշխանության՝ շուկայի խոշորագույն արտադրողներից մեկի շուրջ սկսած գործընթացների տնտեսական հետևանքները հաշվարկված չեն եղել»։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս