Armenian text to speach

Ծեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մեկ տասնյակից ավելի ահազանգ է ստացվել, որ  մայրաքաղաքի Ավետիք Իսահակյան փողոցում ծեծկռտուք է և անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Ավելի ուշ մայրաքաղաքի բժշկական կենտրոններից հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչ 21 և 29-ամյա երկու երիտասարդ։

Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողները Օպերատիվ վերլուծական վարչության գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված վայրում գտնվող ռեստորանում հիվանդանոց տեղափոխված երիտասարդները վիճաբանել են Երևանի 36-ամյա բնակչի հետ, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել միմյանց՝ դրսևորելով անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ։
Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որին միացած մի խումբ անձինք 36-ամյա տղամարդուն հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով 21 և 29-ամյա երիտասարդներին ձերբակալել և տեղափոխել են Արաբկիրի բաժին։ Հետագա միջոցառումներով՝ սեպտեմբերի 27-ին, վիճաբանության մասնակից 31-ամյա տղամարդը մայրաքաղաքի Դուրյան փողոցում հայտնաբերվել, սպանության փորձ և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Վիճաբանության ևս չորս մասնակից ներկայացվել է նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպին մասնակից այլ անձնանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։




Լրահոս