Armenian text to speach

Փաշինյանի իշխանության լռությունը. ինչու ոչ ոք չհիշեց 44-օրյա պատերազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, երեկ Հայաստանում կրկին հիշատակի օր էր։ 2020 թվականի հենց այս օրը Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ, իսկ 44 օր անց հայկական կողմը ծանր մարդկային ու տարածքային կորուստներով կանգնեց պատերազմի հետևանքների առաջ։ Պաշտոնական տվյալներով՝ պատերազմում հայկական կողմից զոհվել է 3,833 մարդ։

Սակայն երեկ՝ պատերազմի 6-րդ տարելիցին, իշխանության ամենաբարձր մակարդակից՝ առնվազն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, պատերազմի և զոհերի հիշատակին նվիրված որևէ առանձին ուղերձ կամ հայտարարություն չհնչեց։

Ավելին՝ վարչապետի պաշտոնական կայքի սեպտեմբերի 27-ի հրապարակումների շարքում պատերազմի տարելիցին նվիրված ուղերձ չկա։ Վարչապետի պաշտոնական լրահոսում այդ օրերի հրապարակումները հիմնականում վերաբերում էին ընթացիկ պետական ու միջազգային օրակարգին։

Փաշինյանը, որը սոցիալական ցանցերում ակտիվ է և պարբերաբար անդրադառնում է տարբեր թեմաների, երեկ հրապարակել էր նաև եկեղեցում իր մասնակցությամբ կադրեր, սակայն պատերազմի մեկնարկի տարելիցին, զոհվածների հիշատակին կամ սեպտեմբերի 27-ի խորհուրդին առանձին անդրադարձ չի կատարել։

Ստացվում է՝ մի օր, որը հազարավոր ընտանիքների համար ոչ թե պարզապես օրացուցային ամսաթիվ է, այլ իրենց որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի կորստի օրը, իշխանության տեղեկատվական օրակարգում գրեթե չերևաց։

Մինչդեռ հասարակության մի հատվածը երեկ կրկին գնացել էր Եռաբլուր՝ հարգելու զոհվածների հիշատակը։ Եկեղեցիներում մատուցվել են հոգեհանգստյան պատարագներ, իսկ տարբեր համայնքներում անցկացվել են հիշատակի միջոցառումներ։

Հարցը միայն մեկ գրառման կամ մեկ ծաղկեպսակի մասին չէ։ Հարցն այն է, թե պետական իշխանությունն ինչ վերաբերմունք է ցուցաբերում այն օրվա նկատմամբ, երբ սկսվեց պատերազմը, որի ընթացքում հազարավոր քաղաքացիներ զոհվեցին։

2026 թվականի սեպտեմբերի 27-ը անցավ։ Եվ իշխանության հրապարակային խոսքում այդ օրվա մասին՝ լռություն։

Հատկապես ուշագրավ է, որ Փաշինյանը 2026 թվականի հունվարին՝ Բանակի օրվա ուղերձում, խոսելով բանակի և զոհերի մասին, ավարտել էր իր ուղերձը «Փա՛ռք նահատակներին» ձևակերպմամբ։

Ուստի բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին, երբ հիշատակի օրն էր, այդ խոսքը չհնչեց։

Սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև հանրային հիշողության հարց է։

Սոնա Գրիգորյան




Լրահոս