«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս համայնքներում։ Այս ընտրությունների նախաշեմին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի անցած պաշտոնական ուղին և հայտարարագիրը՝ ներկայացնելով, թե ինչ ունեցվածք և եկամուտներ ունի նա։
Վարշամ Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 13-ից նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։ 2024 թվականի հունվարի 15-ին Արմավիր համայնքի ավագանու կողմից ընտրվել է համայնքի ղեկավար և պաշտոնը ստանձնել հունվարի 18-ին։ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Ի՞նչ ունեցվածք ունի նա։
2025 թվականի հայտարարագրում Արմավիրի համայնքապետը նշել է Արմավիր քաղաքում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով։ Գույքը ձեռք է բերել 2007 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժառանգության միջոցով։ 2025 թվականի ընթացքում նոր անշարժ գույք չի ձեռք բերել և գույք չի օտարել։
Վարշամ Սարգսյանի 2025 թվականի հայտարարագրում տրանսպորտային միջոց նշված չէ։
Դրամական միջոցներ
Տարվա սկզբին նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 511 հազար 450 դրամ, իսկ տարեվերջին՝ 13 հազար 831.57 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 4 մլն 790 հազար դրամից տարեվերջին հասել են 4 մլն 900 հազար դրամի։
Եկամուտ
2025 թվականին Վարշամ Սարգսյանի ընդհանուր եկամուտը կազմել է 12 մլն 978 հազար 78 դրամ։ Դրանից 9 մլն 574 հազար 532 դրամը ստացել է Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն։
ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտային հարկի վերադարձի տեսքով ստացել է 1 մլն 897 հազար 446 դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նրա եկամուտը կազմել է 506 հազար 100 դրամ, բացի այդ՝ ստացել է 1 մլն դրամ միանվագ վճար։
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Սարգսյանի վարկերի մայր գումարի ընդհանուր մնացորդը կազմել է 20 մլն 181 հազար 744 դրամ։ Դրանցից մեկի մնացորդը 4 մլն 438 հազար դրամ է, մյուսինը՝ 15 մլն 743 հազար 744 դրամ, որի նպատակային նշանակությունը բնակարանի ձեռքբերումն է։
Վարշամ Սարգսյանը հայտարարագրում նշել է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




























