Armenian text to speach

CSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու ծրագրից և հարգել Եկեղեցու ինքնավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրում է, որ Christian Solidarity International (CSI)-ը՝ կրոնական ազատության և մարդու արժանապատվության պաշտպանության ուղղությամբ գործող միջազգային քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպությունը, հանդես է եկել ՀՀ կառավարության՝ Եկեղեցում առկա ճգնաժամի վերաբերյալ զեկույցի գնահատականով։ Կազմակերպությունն իր հայտարարության մեջ զեկույցը ամբողջությամբ մերժել է։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել էր ծավալուն զեկույց՝ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցում առկա «ճգնաժամի և դրա լուծման ուղիների» վերաբերյալ, որում անդրադարձ էր կատարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բարձրաստիճան հոգևորականներին ներկայացվող մի շարք մեղադրանքների։

CSI-ն հայտարարել է, որ կառավարության զեկույցի հեղինակությունը, մեթոդաբանությունն ու շարժառիթները, իր գնահատմամբ, կասկածի տակ են դնում դրա եզրահանգումները։ Կազմակերպությունը նաև պնդում է, որ փաստաթուղթը  հիմնված  չէ անկախ քննության կամ անկողմնակալ դատական գործընթացի վրա, քանի որ այն պատրաստվել է վարչապետի հանձնարարությամբ՝ նրա աշխատակազմի մամուլի ծառայության կողմից։

Կազմակերպության հայտարարության համաձայն՝ զեկույցում որպես աղբյուրներ օգտագործվել են բաց աղբյուրներ՝ լրատվական կայքեր, YouTube-ի տեսանյութեր և Facebook-ի գրառումներ, այդ թվում՝ վարչապետի հրապարակումները։ CSI-ի գնահատմամբ՝ փաստաթղթում առաջնային ապացույցները սահմանափակ են, իսկ մի շարք պնդումներ հիմնված են չհաստատված տեղեկությունների, ենթադրությունների կամ այլ անձանց հայտարարությունների վրա։ Այս գնահատականները ներկայացնում ենք որպես հենց կազմակերպության դիրքորոշում։

CSI-ն նաև չի համաձայնում կառավարության այն պնդման հետ, թե Կաթողիկոսի գործունեությունը քաղաքական է։ Կազմակերպությունը նշում է, որ Եկեղեցու կողմից հասարակական և ազգային հարցերի վերաբերյալ խոսելը կարող է դիտարկվել նրա՝ հոգևոր կյանքին և ազգային ինքնության պահպանմանը վերաբերող առաքելության համատեքստում։

Հայտարարության վերջում CSI-ն ՀՀ կառավարությանը կոչ է անում հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին պաշտոնից հեռացնելու ծրագրից և հարգել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը։ Կազմակերպությունը նաև կոչ է արել Հայաստանի միջազգային գործընկերներին՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Եվրոպայի խորհրդին, անդրադառնալ հարցին։

Christian Solidarity International-ի ամբողջական հայտարարությունը ստորև․

Հայաստանի կառավարությունը հրապարակել է զեկույց՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործողությունների հետևանքով Եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների մասին»։

Christian Solidarity International (CSI)-ն ուսումնասիրել է այս զեկույցը և ամբողջությամբ մերժում է այն։ Զեկույցի հեղինակությունը, մեթոդաբանությունը և դրա հիմքում ընկած շարժառիթները լրջորեն խաթարում են դրա եզրահանգումների վստահելիությունը։ Զեկույցը նաև հակասում է Եկեղեցու ինքնավարության վաղուց հաստատված սկզբունքին, որը երաշխավորված է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային իրավունքի կողմից։

Հակառակ զեկույցում ներկայացվածին՝ Եկեղեցու ճգնաժամը հենց Կառավարության գործունեության հետևանքն է։ Զեկույցը հրապարակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) դեմ պետականորեն իրականացվող շարունակական արշավի շրջանակում։ Խոսքը ավելի քան 1700 տարի գոյություն ունեցող և հայ ժողովրդի պաշտպանության գործում երկարամյա դերակատարում ունեցած Եկեղեցու մասին է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հեռացնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Եկեղեցին բերել պետական վերահսկողության ներքո, նպատակ, որը նա հետապնդում է ավելի քան մեկ տարի։ Կաթողիկոսին պաշտոնից հեռացնելու նրա ծրագիրը ներառված էր իր կուսակցության նախընտրական ծրագրում և այժմ ամրագրված է Կառավարության ծրագրում։ Զեկույցը հրապարակվել է նաև բարձրաստիճան հոգևորականների քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններից, Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ ներկայացված անհիմն քրեական մեղադրանքներից և Եկեղեցում պառակտումներ առաջացնելու՝ կառավարության կողմից աջակցվող փորձերից հետո։ Այս և այլ միջոցառումները խախտում են ՀԱՍԵ-ի ինքնավարությունը և հարցականի տակ դնում Հայաստանի կառավարության հավատարմությունը ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը։

Զեկույցը անկախ հետաքննության կամ որևէ անկողմնակալ կամ դատական գործընթացի արդյունք չէ։ Այն կազմվել է վարչապետի ուղղակի հանձնարարությամբ՝ նրա մամուլի ծառայության կողմից։ Կառավարության մամուլի ծառայությունը չունի աստվածաբանության կամ եկեղեցական կանոնական իրավունքի ոլորտում համապատասխան իրավասություն, սակայն դրա հեղինակները ընտրողաբար մեջբերում են կանոնները և իրենց իրավունք են վերապահում կարծիք հայտնելու եկեղեցական հարցերի վերաբերյալ։ Մեղադրանքներից որոշներն այնքան լուրջ են, որ դրանք պետք է քննվեն պատշաճ դատական մարմնի կողմից, այլ ոչ թե ներկայացվեն կառավարության կողմից հրապարակված քաղաքական փաստաթղթում՝ խտրական արշավի շրջանակում։ Ավելին, նման մեղադրանքների հրապարակումը այն ժամանակ, երբ հոգևորականները, այդ թվում՝ Կաթողիկոսը, կանգնած են դատական գործընթացների առջև, լրջորեն վնասում է նրանց արդար դատաքննության և անմեղության կանխավարկածի իրավունքը։

Զեկույցում նշվում է, որ այն հիմնված է «բաց աղբյուրների» վրա։ Գործնականում դա նշանակում է լրատվական կայքեր, YouTube-ի տեսանյութեր և Facebook-ի գրառումներ, այդ թվում՝ հենց վարչապետի հրապարակումները։ Զեկույցում գրեթե բացակայում են առաջնային ապացույցները, իսկ բազմաթիվ պնդումներ չհաստատված խոսակցություններ, ակնարկներ կամ չստուգված տեղեկություններ են։ Դրանցից շատերը ներկայացվել են Եկեղեցու կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկված հոգևորականների կողմից, իսկ մի քանիսը Կաթողիկոսի վաղեմի ընդդիմախոսներ են։ Այն դեպքերում, երբ Կաթողիկոսը չի պատասխանել որևէ մեղադրանքի, նրա լռությունը դիտարկվում է որպես ապացույց։ Այն, ինչ զեկույցն անվանում է իր «ապացուցողական հիմք», թույլ է։ Այն կազմվել է ավելի վաղ կայացված դատավճիռը հիմնավորելու համար և որևէ դատարանում կամ դատական մարմնում քննության դեպքում չէր դիմանա մանրակրկիտ ուսումնասիրությանը։

Զեկույցը Կաթողիկոսին մեղադրում է քաղաքականությամբ զբաղվելու մեջ։ Այն չի ընդունում, որ Կաթողիկոսը գործել է Եկեղեցու բացառիկ առաքելությանը համապատասխան, որը ճանաչված է Հայաստանի Սահմանադրությամբ և վերաբերում է հայ ժողովրդի հոգևոր կյանքին ու նրա ազգային ինքնության պահպանմանը։ Զեկույցը նաև որևէ բան չի ասում այն համատեքստի մասին, որի պայմաններում Եկեղեցին հանդես է եկել. 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Կառավարության ձախողումների և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների մասին, որոնց երրորդ տարելիցը լրանում է այս ամիս։ Սգացող և տեղահանված ժողովրդի պաշտպանության օգտին խոսելը անօրինական քաղաքական գործունեություն չէ։ Այն համապատասխանում է հենց այն դերին, որը Սահմանադրությունը նախատեսում է Եկեղեցու համար։

Հայաստանի օրենսդրությունը նույնքան հստակ է, որ, թեև ՀԱՍԵ-ն ազգային եկեղեցին է, այն ինքնավար է և ինքնակառավարվող։ Պետությունը որևէ դերակատարում չունի Կաթողիկոսին պաշտոնից հեռացնելու կամ փոխարինելու հարցում, քանի որ այդ գործընթացը ամբողջությամբ կարգավորվում է Եկեղեցու սեփական կանոնական իրավունքով։ Կառավարությունը նույնպես չպետք է տարածի նման զեկույցներ՝ իր խտրական արշավը հիմնավորելու նպատակով։

CSI-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին պաշտոնից հեռացնելու իր ծրագրից և հարգել ՀԱՍԵ-ի ինքնավարությունը։ CSI-ն նաև կոչ է անում Հայաստանի միջազգային գործընկերներին՝ այդ թվում ԱՄՆ-ին, Եվրամիությանը և Եվրոպայի խորհրդին, հիշեցնել վարչապետ Փաշինյանին մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին և ճնշում գործադրել նրա կառավարության վրա՝ դադարեցնելու Եկեղեցու ներքին գործերին միջամտությունը։

Ջոն Էյբներ

Նախագահ

Christian Solidarity International

Անի Վարդանյան




Լրահոս