«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու համար ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-16-ը գործուղվելու է Հռոմ՝ Իտալիայի Հանրապետություն։
Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Կարապետյանը, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Արաքսյա Քոչարյանը և հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը։
Նշվում է, որ Էդուարդ Կարապետյանը գործուղման կմեկնի հոկտեմբերի 11-ից և Հռոմում կլինի 6 գիշեր, իսկ պատվիրակության մյուս անդամների համար նախատեսված է 3 գիշեր։
Գործուղման հետ կապված ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկը և գիշերավարձը վճարվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին՝ փաստացի կատարված ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա։
Անի Վարդանյան




























