Երգիչ Թաթա Սիմոնյանն անդրադարձել է վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկությանը, ըստ որի՝ Անկախության տոնի միջոցառման շրջանակում պետական միջոցներից իրեն հատկացվել է 20 մլն դրամ անձնական հոնորար։
Երգիչը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ 20 մլն դրամը նախատեսված է ամբողջ երաժշտական նախագծի իրականացման համար և չի հանդիսանում իրեն վճարված անձնական հոնորար։
Սիմոնյանը ներկայացրել է նաև արդեն կատարված ծախսերը։ Նրա խոսքով՝ շուրջ 2 մլն դրամ վճարվել է որպես հարկ, 2 մլն 600 հազար դրամ փոխանցվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, 1 մլն 390 հազար դրամ՝ «Levon Travel» ընկերությանը։
Մոտ 2 մլն դրամ ուղղվել է նոտագրման, գործիքավորման, ձայնագրման և պարտիտուրաների ստեղծման աշխատանքներին, 400 հազար դրամ՝ ստուդիայում ձայնային մշակմանը, իսկ մոտ 700 հազար դրամ կազմել են ադմինիստրատիվ ծախսերը։
Ըստ երգչի՝ արդեն կատարված ծախսերը կազմում են շուրջ 9 մլն դրամ։ Մնացած բյուջեն նախատեսված է Երևանին նվիրված տեսահոլովակի նկարահանման և դրա հետ կապված արտադրական աշխատանքների համար։ Սիմոնյանը նաև նշել է, որ հետագա վճարումների ընթացքում առաջանալու են համապատասխան հարկային պարտավորություններ։
Երգիչը շեշտել է, որ ստեղծագործության հեղինակն ինքն է, սակայն որպես երգի հեղինակ առանձին հեղինակային հոնորար չի ստացել։ «Խոսքը մեկ ամբողջական երաժշտական նախագծի բյուջեի մասին է, ոչ թե Թաթա Սիմոնյանին վճարված 20 միլիոն դրամ անձնական հոնորարի»,- նշել է նա։




























