Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 26 էջանոց ուղերձով դիմել է ԱՄՆ քաղաքացիներին՝ կոչ անելով քաղաքական ուժի միջոցով պաշտոնանկ անել գործող ղեկավարներին և մերժել Իսրայելին ԱՄՆ աջակցության ու արտերկրում ռազմական միջամտությունների քաղաքականությունը։
Reuters-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ զինված ուժերը 23 տարի անց ավարտում են իրենց դուրսբերումը Իրաքում մնացած ռազմակայաններից։ Իրանը ԱՄՆ զորքերի հեռանալը ներկայացնում է որպես հաղթանակ տարածաշրջանում իր դաշնակից զինված խմբավորումների համար։
Իրաքից ԱՄՆ զորքերի վերջնական դուրսբերումը համաձայնեցվել էր դեռևս 2024 թվականին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք։ ԱՄՆ-ի գլխավորած ուժերը Իրաք էին մտել 2003 թվականին՝ Սադամ Հուսեյնի վարչակարգը տապալելու նպատակով։
Միևնույն ժամանակ Կատարը շարունակում է միջնորդական ջանքերը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև յոթ ամիս շարունակվող պատերազմը դադարեցնելու համար։ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին հայտնել է, որ Դոհան կողմերի միջև հաղորդագրություններ է փոխանցում և փորձում է ընդհանուր եզրեր գտնել համաձայնության հասնելու համար։
ԱՄՆ-ն ու Իրանը մինչ այժմ չեն կարողացել հասնել պատերազմի ավարտի շուրջ համաձայնության։ Վերջին բանակցությունները ակտիվացել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի շրջանակում, սակայն Հորմուզի ռազմավարական նեղուցի բացման հարցում պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջարկել էր խաղաղության ծրագիր, որի համաձայն՝ նեղուցի վերաբացման և ռազմական գործողությունների դադարեցման համար կսկսվեր յոթօրյա հաշվարկ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը։
Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ձեռք բերի, և կանխատեսել է, որ պատերազմը շուտով կավարտվի։ Իրանը, որը միջուկային զենք չունի, հերքում է այն ձեռք բերելու մտադրությունը և պնդում, որ որպես Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից՝ իրավունք ունի խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիա զարգացնելու։
Reuters/Ipsos-ի սեպտեմբերի 21-ի հարցման համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների 34 տոկոսն էր հավանություն տվել Իրանի դեմ հարվածներին, իսկ Թրամփի՝ կենսապահովման ծախսերի կառավարման քաղաքականությանը հավանություն էր տվել հարցվածների 17 տոկոսը։
Անի Վարդանյան




























