Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի ընթացքում 76 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է երկրի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։
Reuters-ի փոխանցմամբ՝ ուսանողները բողոքում են դպրոցների վատ վիճակի, անբավարար ռեսուրսների, ուսուցիչների պակասի և քննությունների հետ կապված ծանրաբեռնվածության դեմ։
Ցույցերն ու դպրոցների շրջափակումները սկսվել են անցած շաբաթ և երեքշաբթի համընկել են պետական հատվածի ավելի լայն գործադուլի հետ։ Բողոքի ակցիաները տեղի են ունենում Ֆրանսիայի 2027 թվականի բյուջեի ներկայացումից առաջ։ Կառավարությունը հինգշաբթի նախատեսում է ներկայացնել բյուջեի նախագիծը, որը, ըստ Reuters-ի, կարող է ներառել պետական ծախսերի կրճատումներ։
Լիոնում և Լիլում ոստիկանությունը բախվել է ցուցարարների հետ։ Որոշ վայրերում այրվել են աղբամաններ և այլ առարկաներ, իսկ Լիլում ցուցարարներից ոմանք տարբեր առարկաներ են նետել։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունեսի խոսքով՝ երեքշաբթի օրվա ցույցերի ընթացքում շուրջ 440 մարդ է բերման ենթարկվել, որոնց մեծ մասը անչափահասներ են։ Նախարարը հայտնել է նաև, որ արձանագրվել է իրավապահների ուղղությամբ աղաթթու նետելու յոթ դեպք։
Բողոքի ակցիաներին միացել են նաև ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ներկայացուցիչները։ Միաժամանակ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քննադատել են կուսակցությանը՝ հայտարարելով, որ դրա հռետորաբանությունը նպաստում է ուսանողների դժգոհության աճին։
Բողոքի մասնակից ուսանողները պնդում են, որ դասարանները գերբեռնված են, իսկ դպրոցներում բավարար թվով ուսուցիչներ չկան։ Կառավարությունը ցույցերը որակել է որպես անպատասխանատու, սակայն ընդունել է, որ ավագ դպրոցներում առկա խնդիրները պետք է լուծվեն։
Անի Վարդանյան




























