Armenian text to speach

Թուրքիան Ադրբեջանում փամփուշտների գործարան է հիմնում․ Բաքուն ու Անկարան համաձայնագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող «ADEX 2026» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների, տեխնոլոգիաների և պաշտպանական արդյունաբերության համար մասնագետների պատրաստման ոլորտներում։

Բացի այդ, ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Պաշտպանական արդյունաբերության ակադեմիայի և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության հետազոտությունների և նորարարությունների կենտրոնի միջև։

Ավելի վաղ, «ADEX 2026»-ի շրջանակում, Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը հայտնել էր, որ Ադրբեջանի հետ նախատեսվում է ստորագրել ավելի քան 500 մլն դոլարի պայմանագրեր։

Նա նաև նշել էր, որ թուրքական MKE ընկերությունը Ադրբեջանում հիմնում է փամփուշտների արտադրության գործարան։ Գյորգյունի խոսքով՝ Ադրբեջանում ներդրումներ ունեն նաև թուրքական Baykar, Roketsan և ASELSAN ռազմարդյունաբերական ընկերությունները։

Թուրք պաշտոնյան համագործակցության նպատակներից մեկը համարել էր Ադրբեջանում արտադրական կարողությունների ձևավորումը՝ հետագայում նաև ռազմական արտադրանքի արտահանման հնարավորությամբ։

Անի Վարդանյան




Լրահոս