ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հերթական դժբախտ պատահարն է տեղի ունեցել Գյումրիում: Ինքնասպանության փորձ է կատարել 16-ամյա մի երիտասարդ:
Դեպքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ գտնվում է 50-ամյակի կամուրջը: Գյումրի քաղաքի բնակիչ, 1995 թվականին ծնված Լեռնիկ Գագիկի Գալստյանը փորձել է ինքնասպան լինել` իրեն նետելով կամրջից: Նշենք, որ կամրջի ներքեւում բազմաթիվ բնակարաններ կան, ուստի տարածքում ապրող բնակիչներն առաջինն են տեսել տղային եւ օգնության հասել: Նրան անմիջապես տեղափոխել են Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն` պարզելու պատճառները: Այս գործով զբաղվում է քննիչ Արամ Եդիգարյանը, ով, նախաքննության գաղտնիությունից ելնելով, դեպքի վերաբերյալ մանրամասներ փոխանցելուց խուսափեց: Բացի այդ, տղան դեռեւս անչափահաս է, եւ նրա անվան հետ կապված որոշակի տվյալներ հասկանալի պատճառներով փորձում են գաղտնի պահել:
Մենք այցելեցինք հիվանդանոց, որտեղ զրուցեցինք բժիշկների հետ:  Նյարդավիրաբույժ Անդրանիկ Հովհաննիսյանը փոխանցեց, որ տղան հիմա ծանր վիճակում է: Նա ստացել է գանգուղեղային կոտրվածք. «Ժամը 12-ն անց 45-ի սահմաններում ծանր վիճակով տեղափոխվել է մեզ մոտ: Ստացել է գանգուղեղային բաց վնասվածք, գլխուղեղի սալջարդ: Կատարվել են համապատասխան միջոցառումներ, որոնք ներկայումս էլ շարունակվում են: Երիտասարդը հիմա գտնվում է ծանր վիճակում: Բայց կարող ենք ասել, որ կայուն ծանր վիճակ է  տղայի մոտ: Համապատասխան բժշկական միջոցառումները շարունակվում են: Վիրահատության կարիք հիմա չկա»:
Պարզեցինք, որ ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը սովորում է Օլիմպիական հերթափոխի դպրոցում: Տնօրեն Հակոբ Փանոսյանից տեղեկացանք, որ նա դեպքի օրը  դպրոց չի հաճախել: Հ.Փանոսյանի բնութագրմամբ` երիտասարդը շատ ակտիվ, աշխույժ ու նաեւ չարաճճի է: Նորմալ հաճախել է պարապմունքներին, դասընկերների հետ խնդիրներ չի ունեցել եւ ընդհանրապես չի դրսեւորել կասկածելի վարքագիծ:
«Բայց ո՞վ կսպասեր, որ նման բան կլինի: Ֆուտբոլիստ է, մոտ 2 տարի պարապում է մեզ մոտ: Մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը: Զբաղվել է նաեւ մինի ֆուտբոլով: Շատ նորմալ երեխա է: Ծնողներ ունի: Հայրն էլ, մայրն էլ աշխատում են: Նորմալ ընտանիքից է»,-շեշտեց Հակոբ Փանոսյանը:
Որպես կանոն, դպրոցի սաները բժշկական զննության էլ են ենթարկվում` 6 ամիսը մեկ անգամ: Պարզեցիք, որ տղան էլ ենթարկվել է բուժզննության եւ առողջական խնդիրներ չի ունեցել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս