ArmLur.am-ը ուսումնասիրել է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի 2025 թվականի պաշտոնական հայտարարագիրը՝ պարզելու, թե ի՞նչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ ունի համայնքապետը։
Շանթ Առաքելյանը Բաղրամյան համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին։
Իսկ մինչ համայնքապետ դառնալը նա 2018 թվականին աշխատել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության համայնքային տեղեկատվական հոսքերի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ։ 2021 թվականին աշխատանքի է անցել «Արմավիր» ՋՕԸ-ում՝ որպես իրացման գծով փոխտնօրեն։ Նույն տարվա դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրվել է Բաղրամյան համայնքի ղեկավար։
Հայտարարագրի համաձայն՝ Շանթ Առաքելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և Բաղրամյանի տարածաշրջանի ՔՊ կուսակցության նախագահ։
Ի՞նչ ունեցվածք ունի նա
Անշարժ գույք
Հայտարարագրի համաձայն՝ Շանթ Առաքելյանի անունով տարվա վերջում առկա է երեք հողամաս։ Դրանցից մեկը ձեռք է բերվել 2023 թվականի սեպտեմբերի 29-ին՝ նվիրատվության եղանակով, երկրորդը՝ 2018 թվականի ապրիլի 10-ին՝ գնման եղանակով, իսկ երրորդը 2000 թվականի նոյեմբերի 30-ից նրա համատեղ սեփականության ներքո է։
2025 թվականի ընթացքում համայնքապետը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և չի օտարել։
Տրանսպորտային միջոց
Շանթ Առաքելյանի հայտարարագրում որևէ տրանսպորտային միջոց նշված չէ։
Դրամական միջոցներ
2025 թվականի սկզբին համայնքապետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 0 դրամ, իսկ տարվա վերջին՝ 5 մլն դրամ։ Այսինքն՝ տարվա ընթացքում հայտարարագրված կանխիկ միջոցներն ավելացել են 5 մլն դրամով։
Բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ հայտարարագրում տվյալներ չկան։
Եկամուտ
2025 թվականին Շանթ Առաքելյանը ստացել է ընդհանուր 14 մլն 496 հազար 408 դրամ եկամուտ։
Դրանից 8 մլն 496 հազար 408 դրամը եղել է աշխատանքի վարձատրություն՝ Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմից, իսկ 6 մլն դրամը՝ գույքային իրավունքներից ստացված եկամուտ։
Վարկեր
Տարվա վերջում համայնքապետի հայտարարագրում առկա են 11 մլն 818 հազար 370 դրամ և 1 մլն 784 հազար 384 դրամ փոխառության մնացորդներ։ Հայտարարագրում առկա է նաև 1 մլն 784 հազար 384 դրամ վարկի մայր գումարի մնացորդ։
Շանթ Առաքելյանի հայտարարագրում առկա է նաև 2 մլն 500 հազար դրամ գյուղատնտեսական գործունեության հետ կապված ծախս։
Սոնա Գրիգորյան
























































































