Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաները վերածվել են բախումների․ չորեքշաբթի օրը անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 600 մարդու, իսկ տասնյակ ոստիկաններ և ժանդարմներ վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունեզը։
Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաները տարածվել են 356 դպրոցներում։ Նախարարի խոսքով՝ միայն չորեքշաբթի օրը ձերբակալվել է 625 մարդ։ Նա հայտարարել է, որ շարժումը ընդլայնվում է, և դատապարտել է դպրոցների մոտ բռնության աճը։
Բողոքի ակցիաները սկսվել են անցած շաբաթ՝ սկզբում Փարիզի շրջակայքում, ապա տարածվել Ֆրանսիայի այլ քաղաքներում։ 15-18 տարեկան աշակերտները դժգոհում են ուսուցիչների պակասից, դասարանների գերբեռնվածությունից, դասացուցակներից, ինչպես նաև շոգ եղանակին դասասենյակների գերտաքացումից։
Ներքին գործերի նախարարի տվյալներով՝ չորեքշաբթի օրը բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել է 83 ոստիկան և ժանդարմ։ Կառավարությունը նաև հայտնել է դպրոցների շրջափակումների, քարերի և այլ առարկաների նետման, իրավապահների նկատմամբ բռնության, հրկիզման փորձերի և այլ անկարգությունների մասին։
Կրթության նախարար Էդուար Գեֆրայի խոսքով՝ բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր վիրավորվել է 119 աշակերտ և դպրոցական աշխատակից։
Ամենալարված իրավիճակը գրանցվել է Փարիզում, Բորդոյում, Լիոնում և Լիլում։ Լիլում ոստիկանությունը բախումների ընթացքում կրկին արցունքաբեր գազ է կիրառել։
Կրթության նախարարը կոչ է արել ապահովել աշակերտների վերադարձը դասարաններ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գտնվելով Մադրիդում, քննադատել է ձախակողմյան քաղաքական գործիչներին՝ նրանց մեղադրելով դպրոցական բողոքի ակցիաների ժամանակ բռնությունը «օրինականացնելու» մեջ։
Անի Վարդանյան




























