ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր զինանոցում առկա «բոլոր զենքերը», այդ թվում՝ միջուկային, եթե Կալինինգրադի նկատմամբ ուղղակի հարձակում իրականացվի։
Պուտինը նման հայտարարություն է արել Մոսկվայում անցկացվող «Վալդայ» քննարկումների ժամանակ՝ նշելով, որ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել եվրոպական որևէ երկրի վրա, սակայն պատրաստ է պատասխանել իր դեմ ագրեսիային։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի վերջին զորավարժությունները Բալթիկ ծովում և Կալինինգրադի շրջափակման մասին քննարկումները Մոսկվայում դիտարկվում են որպես սրման քայլեր։
«Եթե խոսքը հասնի Ռուսաստանի Դաշնության, մասնավորապես՝ Կալինինգրադի և, հնարավոր է, այլ տարածքների դեմ ուղղակի հարձակման, ապա մեր երկրի զինանոցում առկա բոլոր զենքերի կիրառման հարցը անխուսափելիորեն կդրվի օրակարգում»,– ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ ուկրաինական հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին երկրի տնտեսությանը հասցրել են վնաս, և իր գնահատմամբ՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն կորցրել է մոտ 1 տոկոս։
Միաժամանակ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ լինել Ուկրաինայի պատերազմի ավարտին բանակցությունների միջոցով։ CNN-ի փոխանցմամբ՝ Reuters-ի ուսումնասիրած բյուջետային փաստաթղթերի համաձայն՝ Ռուսաստանը 2027 թվականին նախատեսում է պաշտպանության ոլորտին հատկացնել 17.1 տրիլիոն ռուբլի՝ մոտ 27 տոկոսով ավելի, քան նախապես նախատեսված էր։
Անի Վարդանյան




























