ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել համայնքների ղեկավարների ունեցվածքը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի 2025 թվականի հայտարարագիրը։
Ջասմ Մախմուդովը 2016-2017 թվականներին եղել է Արագածոտնի մարզպետի լիազոր ներկայացուցիչը Արագածի տարածաշրջանում, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ։ 2017 թվականից նա ղեկավարում է Ալագյազ համայնքը։ Մախմուդովն անկուսակցական է։ Հայտարարագրում պաշտոնը ստանձնելու ամսաթիվը նշված է 2020 թվականի մայիսի 1-ը։
Անշարժ գույք
Մախմուդովը հայտարարագրել է Ալագյազում գտնվող չորս անշարժ գույք՝ երեք հողամաս և անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով։ Դրանք համատեղ սեփականության իրավունքով են, ձեռք են բերվել 1983 և 1993 թվականներին։ 2025 թվականին նոր անշարժ գույք չի ձեռք բերել և չի օտարել։
Դրամական միջոցներ
Տարվա սկզբին նրա երկու բանկային հաշիվներում եղել է 604.07 և 664,302.9 դրամ, իսկ տարվա վերջին՝ համապատասխանաբար 146.7 և 562,885.7 դրամ։
Կանխիկ դրամը տարվա սկզբին կազմել է 17 մլն դրամ, 6 հազար եվրո և 15 հազար դոլար։ Տարվա վերջին այն կազմել է 18 մլն դրամ, 6 հազար եվրո և 16 հազար դոլար։
Տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր կամ այլ ներդրումներ հայտարարագրում նշված չեն։
Եկամուտ
2025 թվականին Ջասմ Մախմուդովի ընդհանուր եկամուտը կազմել է 5,321,320 դրամ։ Դրանից 545,432 դրամը եկամտային հարկի վերադարձ է, իսկ 4,775,888 դրամը՝ Ալագյազի համայնքապետարանի աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրություն։
Սոնա Գրիգորյան




























