«Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախկին նախագահ Սարգիս Հայոցյանի պաշտոնանկության հարցը իշխանության ներսում արդեն որոշ ժամանակ քննարկվում էր, և վերջին շրջանում իրավիճակը հասել է հանգուցալուծման։
Մեր տեղեկություններով՝ Հայոցյանը ամեն ինչ արել է, որպեսզի չվերանշանակվի իր պաշտոնում, թեև վերջին շրջանում փորձել է հարթել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ ունեցած տարաձայնությունները։ Սակայն այդ փորձերը ևս արդյունք չեն տվել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս կառավարությունում փակ քննարկում է տեղի ունեցել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Սարգիս Հայոցյանը։
Քննարկման հիմնական թեման ակադեմիական քաղաքի ծրագիրն է եղել։ Մասնավորապես՝ պետք է հստակեցվեր, թե երբ է մեկնարկելու ակադեմիական քաղաքի կառուցումը, և հողերի ձեռքբերման ուղղությամբ մինչ այդ ինչ աշխատանքներ են իրականացվել։ Սակայն քննարկումը, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերածվել է բավական թեժ զրույցի։ Հայոցյանը ֆինանսների նախարարության հետ կապված հարց է բարձրացրել՝ հայտարարելով, որ ակադեմիական քաղաքի համար անհրաժեշտ հողերի ձեռքբերման նպատակով ֆինանսավորումը դեռևս չի տրամադրվել, ինչի հետևանքով գործընթացը չի կարող առաջ շարժվել։ Նա նաև նշել է, որ ակադեմիական քաղաքի գործընթացում առկա խնդիրներն իր պատասխանատվության տիրույթում չեն և պայմանավորված են այլ գերատեսչությունների աշխատանքով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այդ քննարկումից հետո Հայոցյանը վերադարձել է և ազատման դիմում ներկայացրել։
«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի սկզբին, Սյունիքի սահմանամերձ Ծավ բնակավայրում ջրի հետ կապված աղմկահարույց դեպք արձանագրվեց։ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ բնակչի տնից վերցված ջրի նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։
Ավելին՝ նախարարությունը հայտնեց, որ կրկնակի նմուշառում է իրականացվել չորս կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից, և սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։ Այսինքն՝ խոսքը մեկ պատահական նմուշի մասին չէր։ Դրանից հետո, սակայն, սկսվեց պետական գերատեսչությունների հերթական «սպասեք, փորձաքննություն է ընթանում» շղթան։ «Ժողովուրդ» օրաթերթը շուրջ մեկ ամիս պարբերաբար հարցումներ է ուղղում պատասխանատու կառույցներին՝ փորձելով հասկանալ՝ ի վերջո ի՞նչ է պարզվել Ծավի ջրի վերաբերյալ։ Սակայն տարբեր գերատեսչություններից ստացվում են միմյանց փոխանցող պատասխաններ։
Առողջապահության նախարարությունից մատնանշում են մյուս կառույցների գործառույթները, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից պնդում են, որ պատճառի պարզումն իրենց գործառույթը չէ, առողջապահության տեսչական մարմնից սպասում են փորձաքննության արդյունքներին, իսկ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում աշխատանքները շարունակվում են։
«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը
«Հրապարակ» թերթը գրում է. «Զինվորական ծառայության ժամկետը 2 տարուց մեկուկես դարձնելուց հետո զինվորների թվակազմի ճեղքվածքը փակելու նպատակով պաշտպանական գերատեսչությունում խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը: Մեր աղբյուրներն ասում են, որ սահմանված չափորոշիչներն այլեւս երկրորդ պլան են մղվել` ծառայության են ընդունում առանց բացառության բոլորին, անգամ նրանց, ովքեր ակնհայտ չեն համապատասխանում ծրագրի պահանջներին, կամ նրանց, ովքեր անբարեխիղճ ծառայության համար ժամանակին հեռացվել են ծառայությունից: Եվ ոմանք նաեւ սրանով են բացատրում բանակում վերջին շրջանում խաղաղ պայմաններում արձանագրված միջադեպերի աճը:
Դրան գումարած՝ պատշաճ վերահսկողություն էլ չկա, եւ բանակը, ինչպես մեր աղբյուրն է բնորոշում, դարձել է փողոց, որտեղ ինչ կարգի մարդ ասես, որ չկա, ինչպես նաեւ՝ չկա պատշաճ հսկողություն։
«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Արցախի պետական ինստիտուտները լուծարել, այդ թվում նաեւ ՀԱԵ Արցախի թեմը ոչնչացնել` թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսին տիրադավների շարքը ներքաշելով: Վրթանես եպիսկոպոսը կտրվեց հոտից, ոչ մի ձեւով չի արձագանքում Արցախի եկեղեցիների մասին ադրբեջանական հայտարարություններին: Այդ հայտարարություններին չեն հակադրվում նաեւ արցախյան կառույցներն ու պետական մարմինները, որոնց կոտրել ու ոչնչացրել է Փաշինյանը: Արձագանքում են միայն անհատ արցախցիները, այն էլ՝ հաշվեհարդարի հեռանկարն աչքի առաջ ունենալով:
«Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչեւ տարեվերջ նոր աղմկոտ բացահայտումներ են սպասվում, այնպիսի սուսիկ-փուսիկ նախկիններ են ջրի երես բերվելու, որ շոկային տեսարանների պակաս չի լինելու», – պատերի տակ ոգեւորված` ասում են ՔՊ-ականները: Թե ովքեր են ու որ գործի շրջանակներում են ի հայտ գալու, դեռ չեն գաղտնազերծում»։




























