ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ՝ նրանից պահանջելով հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած տեղեկությունները և որպես փոխհատուցում վճարել 6 մլն դրամ։
Փաշինյանի հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարան է մուտքագրվել հոկտեմբերի 1-ին և մակագրվել դատավոր Մարինա Տաշչյանին։
Փաշինյանը պահանջում է, որպեսզի Ղազարյանը հերքում տարածի «News.am»-ի ուղիղ եթերում՝ առանց որևէ հավելյալ մեկնաբանության։ Հայցի հիմքում 2026 թվականի սեպտեմբերի 27-ի հարցազրույցն է, որտեղ Ղազարյանը, անդրադառնալով 2020 թվականի պատերազմի օրերին տեղի ունեցած իրադարձություններին, խոսել էր Փաշինյանի՝ Ստեփանակերտ մեկնելուց հետո հակառակորդին տեղեկություններ տալու մասին։ Փաշինյանը այդ տեղեկությունները համարում է զրպարտություն և պահանջում է դրանց հրապարակային հերքում ու 6 մլն դրամ փոխհատուցում։
Սակայն Փաշինյանի հայցը Ղազարյանի դեմ իշխանական շրջանակներից ներկայացված առաջին նման հայցը չէ։
ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե վերջին ժամանակահատվածում իշխանականներից քանի անձ է նրան դատի տվել ու ինչ է պահանջում:
Եվ այսպես, 2023 թվականից մինչև այսօր առնվազն երեք իշխանական գործիչներ քաղաքացիական կարգով դիմել են դատարան՝ Էդգար Ղազարյանի դեմ, ընդ որում՝ նրանցից մեկը՝ Ալեն Սիմոնյանը, երկու առանձին գործով։
Ալեն Սիմոնյան՝ երկու դատական գործ
2023 թվականի սեպտեմբերի 6-ին Ղազարյանը Facebook-ում տեսանյութ էր հրապարակել, որում Սիմոնյանի վերաբերյալ տեղեկություններ էր ներկայացրել։ Այդ գործով Սիմոնյանը պահանջել էր հրապարակային հերքում։ 2025 թվականի օգոստոսի 12-ին դատարանը հայցը բավարարել է՝ Ղազարյանին պարտավորեցնելով հրապարակայնորեն հերքել տարածված տեղեկությունները և Սիմոնյանի օգտին բռնագանձել 500 հազար դրամ՝ որպես զրպարտության փոխհատուցում, ինչպես նաև 35 հազար դրամ պետական տուրք և 150 հազար դրամ փաստաբանի վարձատրություն։ Այսինքն՝ միայն այս գործով դատական վճռով սահմանված գումարային պարտավորությունը կազմել է 685 հազար դրամ։
Սակայն սա Սիմոնյանի և Ղազարյանի միջև միակ դատական վեճը չի եղել։
Սիմոնյանի երկրորդ գործը կապված էր Ղազարյանի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի «STAND UP Էդգար Ղազարյանից. Ոսկե հորթը» տեսանյութի հետ։ Սիմոնյանի հրապարակած տվյալներից երևում է, որ այդ գործով Ղազարյանից պահանջվել է ներողություն և զրպարտության հերքում։
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյան
2026 թվականի հունվարին դատարան է դիմել նաև Ռոմանոս Պետրոսյանը:
Պետրոսյանը հայց է ներկայացրել ոչ միայն Էդգար Ղազարյանի, այլև «Անտիֆեյք» լրատվականի խմբագրի դեմ։ Գործը, ըստ հրապարակված տվյալների, վերաբերում է Ղազարյանի հեղինակային «Ղազարյան VS Ղազարյան» հաղորդմանը, որի շրջանակում անդրադարձ էր կատարվել Պետրոսյանին։
Պետրոսյանի պահանջների մեջ ներառված են՝
• հրապարակված տեղեկությունների հերքում,
• ներողություն խնդրելը,
• համապատասխան նյութերի հեռացումը,
• փոխհատուցման վճարումը։
Այս գործով պահանջվող գումարի չափը հրապարակային տվյալներում առայժմ նշված չէ։ Հայցը մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։
Այսինքն՝ առնվազն 3 իշխանական գործիչ, 4 քաղաքացիական դատական գործընթաց։
Բայց կա ևս մեկ կարևոր հանգամանք
Էդգար Ղազարյանի շուրջ դատական պատմությունը միայն այն գործերը չեն, որոնցում իշխանության ներկայացուցիչները հանդես են եկել որպես հայցվորներ։
Օրինակ՝ 2023 թվականին հենց Ղազարյանն էր դատարան դիմել ՔՊ-ական պատգամավորներ Ռուստամ Բաքոյանի և Արթուր Հովհաննիսյանի դեմ՝ նրանց կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։ Այդ գործերով դատարանները նրա պահանջները բավարարել են։ Ռուստամ Բաքոյանից, մասնավորապես, հօգուտ Ղազարյանի բռնագանձվել է 1 մլն դրամ, ինչպես նաև դատական ծախսեր։ Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ էլ 2025 թվականին դատարանը պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել։
Քաղաքացիական հայցերին զուգահեռ՝ նաև քրեական գործ
Ղազարյանի նկատմամբ առկա է նաև առանձին քրեական գործընթաց, որը քաղաքացիական հայցերի հաշվարկում չենք ներառում։ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին դատարանը նրան մեղավոր է ճանաչել Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ տեղեկություններ տարածելու գործով և նշանակել 2 տարվա ազատազրկում՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով։ Դատախազը նախապես պահանջել էր 2 տարի 6 ամիս ազատազրկում և ևս 3 տարի հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում։ Ղազարյանը հայտարարել է, որ դատավճիռը բողոքարկելու է։
Այսինքն՝ միայն հստակ հրապարակված գումարային պահանջներն ու դատական պարտավորությունները արդեն անցնում են 7.8 մլն դրամը, առանց Ռոմանոս Պետրոսյանի գործով պահանջվող գումարը հաշվարկելու։
Սոնա Գրիգորյան




























