Armenian text to speach

Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմում միասնական աղոթք բարձրացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի թեմի հոգևորականները համախմբվել են Երնջատափի Սուրբ Նշան եկեղեցում՝ միասնական աղոթքով կրկին հայցելու Տիրոջ ողորմությունն ու օրհնությունը։

Սուրբ Խորանի առջև հոգևորականները որդիական սիրով աղոթք բարձրացրին՝ Տիրոջը հղելով իրենց աղաչանքները՝ սիրելի թեմակալ առաջնորդի՝ իր հավատավոր հոտի կողքին վերադառնալու, հայրենիքի խաղաղության և բարօր ընթացքի, Հայ Եկեղեցու անսասանության, հոգևոր դասի զորացման, գերյալ զավակների ազատության և համայն հայության խաղաղ ու ապահով կյանքի համար։

Օրվա հոգևոր պատգամը ներկաներին փոխանցեց Երնջատափի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը, նշելով. «Մենք համոզված ենք, որ այս աղոթքներն իզուր չենք բարձրացնում դեպի երկինք։ Մենք համոզված ենք, որ Աստված մեզ հետ է։

Երկու ընտանիք կա՝ երկնքում և երկրի վրա։ Երկնքի ընտանիքը հրեշտակների ընտանիքն է։ Սակայն անգամ այնտեղ եղավ փորձություն․ հրեշտակներից մեկը, հպարտանալով, աթոռ էր տենչում և ցանկացավ բարձրանալ իր սահմաններից վեր։

Աստված մաքրեց երկինքը, և երկնային ընտանիքը կրկին խաղաղություն վայելեց։

Երկրորդ ընտանիքը երկրի վրա է։ Աստված ստեղծեց մարդուն, ստեղծեց ընտանիքը, սակայն այս ընտանիքն էլ ենթարկվեց փորձության, և մարդը հեռացավ Աստծուց։ Սա էր սատանայի նպատակը։

Միածին Որդին իջավ աշխարհ՝ մաքրելու և փրկելու մարդուն եւ Պատարագվելով Խաչի վրա՝ մարդուն կրկին մոտեցրեց Աստծուն՝ վերահաստատելով երկրային ընտանիքի խաղաղությունը։ Մենք էլ այսօր ենթարկվում ենք փորձությունների։ Բայց Աստված ստեղծեց Եկեղեցին՝ միավորելով երկինքն ու երկիրը։ Եւ մենք այդ Եկեղեցու մեջ ենք։ Եկեղեցին հիմնված է սիրո վրա։

Որքան էլ լինեն փորձություններ, դժվարություններ և հալածանքներ, Եկեղեցին կա՛։ Եվ ինչո՞ւ։ Որովհետև նրա հիմքը Աստված է։ Ինչպես երկնային ընտանիքն է, ինչպես երկրային ընտանիքն է, այնպես էլ Եկեղեցին է՝ մշտապես։ Ուստի մենք պետք է մնանք հաստատուն, Աստծուն հավատարիմ և Սուրբ Եկեղեցուն, ուր սրբությունն ու ճշմարտությունն են, որ անմահ են»։

Միասնական աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով և Հայրապետական մաղթերգով։




Լրահոս