Armenian text to speach

21 համայնքում հոկտեմբերի 25-ին ընտրական օր է լինելու․ քարոզարշավը մտել է թեժ փուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 25-ին Հայաստանում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն միանգամից 21 համայնքում։ Այս պահին համայնքներում նախընտրական քարոզարշավը մտել է ակտիվ փուլ․ թեկնածուներն ու քաղաքական ուժերը հանդիպումներ են անցկացնում բնակիչների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը և փորձում հավաքել առավելագույն աջակցությունը։

Armlur.am-ը տեղեկացավ, որ համամասնական ընտրակարգով ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 30-ին։ Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, քարոզարշավի 5-րդ օրն է։ Այն կավարտվի հոկտեմբերի 23-ին։

Նշենք, որ ընտրություններն անցկացվելու են Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Արագածոտնի մարզերի համայնքներում։ 19 համայնքում ընտրությունները կլինեն համամասնական, իսկ Ֆիոլետովոյում և Շամիրամում՝ մեծամասնական ընտրակարգով։

Որտե՞ղ են ընտրություններ լինելու

Արարատի մարզ — Արտաշատ

Արտաշատում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Կառլեն Մկրտչյանը։ Ընտրություններին մասնակցում են նաև ՀՅԴ-ն և «Նոր դարաշրջան» կուսակցությունը։

Արմավիրի մարզ — Արմավիր և Արաքս

Արմավիրում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վարշամ Սարգսյանը, իսկ Արաքսում՝ Ղազար Ղազարյանը։ Առաջադրումների ամփոփման պահին Արմավիրում ՔՊ-ն մրցակից չուներ, իսկ Արաքսում առաջադրվել էին ՔՊ-ն և «Արդարություն» դաշինքը։

Գեղարքունիքի մարզ — Գավառ, Մարտունի, Վարդենիս

Գավառում ՔՊ-ն ընտրություններին մասնակցում է «Համերաշխություն» դաշինքով, որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը։

Մարտունիում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Հովհաննես Հովեյանը, իսկ Վարդենիսում՝ գործող համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։ Վարդենիսում առաջադրված ուժը միայն ՔՊ-ն է։

Լոռու մարզ — Ստեփանավան, Ֆիոլետովո

Ստեփանավանում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արայիկ Ներսիսյանը։ Այստեղ առաջադրվել են հինգ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՔՊ-ն, «Հայրենիք»-ը, «Ուժեղ Հայաստան»-ը, «Գործարար» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Ֆիոլետովոյում ընտրությունն անցկացվելու է մեծամասնական ընտրակարգով, և քարոզարշավն այստեղ մեկնարկելու է ոչ թե սեպտեմբերի 30-ին, այլ հոկտեմբերի 5-ին՝ վաղը։

Կոտայքի մարզ — Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի

Հրազդանում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Սևակ Միքայելյանը, Ծաղկաձորում՝ Նարեկ Հարությունյանը, իսկ Գառնիում՝ Տիգրան Պողոսյանը։

Գառնիում ՔՊ-ն մրցակից չունի, մինչդեռ Հրազդանում և Ծաղկաձորում ՔՊ-ի հիմնական մրցակիցը ՀՅԴ-ն է։

Շիրակի մարզ — Արթիկ և Ախուրյան

Արթիկում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանը։ Այստեղ ընտրություններին մասնակցում են չորս ուժեր՝ ՔՊ-ն, «Ազատ դեմոկրատները», «Ապրելու երկիրը» և «Հայրենիք» կուսակցությունը։

Ախուրյանում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը, և առաջադրումների փուլում այլ քաղաքական ուժ չի գրանցվել։

Սյունիքի մարզ — Գորիս և Մեղրի

Գորիսը այս ընտրությունների ամենաուշագրավ համայնքներից է։ Գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը ընտրություններին մասնակցում է ՔՊ-ի հետ «Համերաշխություն» դաշինքով։ Առուշանյանի «Բիզնես» կուսակցությունը ՔՊ-ի հետ դաշինք է կազմել։

Գորիսում մյուս քաղաքական ուժերի թվում է «Ապրելու քվե» դաշինքը, որը ձևավորվել է «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունների մասնակցությամբ։

Մեղրիում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Սերգո Գալստյանը։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մի քանի քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Ապրելու երկիրը»։

Վայոց ձորի մարզ — Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք

Եղեգնաձորում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Հուսիկ Սահակյանը, Ջերմուկում՝ գործող մարզպետ Վահագն Արսենյանը, իսկ Վայքում՝ Մխիթար Մաթևոսյանը։

Վայքում ՔՊ-ն առաջադրվել է առանց մրցակից քաղաքական ուժի։

Տավուշի մարզ — Իջևան և Դիլիջան

Իջևանում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ Դիլիջանում՝ Դավիթ Սարգսյանը։

Արագածոտնի մարզ — Շամիրամ

Շամիրամում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։ Այստեղ քարոզարշավը ևս սկսվելու է հոկտեմբերի 5-ին, այսինքն՝ հոկտեմբերի 4-ի դրությամբ այնտեղ պաշտոնական քարոզարշավ դեռ չի մեկնարկել։

ՔՊ-ն՝ բոլոր համայնքներում

Այս ընտրությունների կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ՔՊ-ն առաջադրվել է հոկտեմբերի 25-ի ընտրություններում ընդգրկված բոլոր համայնքներում։ Երկու դեպքում՝ Գավառում և Գորիսում, իշխող ուժը մասնակցում է դաշինքով՝ «Համերաշխություն» անվամբ։ Գավառում դաշինքի մյուս բաղադրիչը գործող համայնքապետի «Գործարար» կուսակցությունն է, իսկ Գորիսում՝ Առուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցությունը։

Քարոզարշավը նոր է սկսվել, բայց պայքարը՝ վաղուց

Այսպիսով, հոկտեմբերի 25-ի ընտրություններին դեռ երեք շաբաթից ավելի ժամանակ կա, սակայն քաղաքական ուժերը փաստացի արդեն անցել են ընտրողների հետ անմիջական աշխատանքի փուլին։ Գործող համայնքապետերը փորձում են ներկայացնել իրենց կատարած աշխատանքը և նոր ծրագրերը, իսկ նրանց մրցակիցները՝ ձևակերպել իրենց այլընտրանքային օրակարգը։

Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ այս ընտրությունները տեղի են ունենում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, և դրանց արդյունքները ձևավորելու են նաև Հայաստանի մի շարք խոշոր համայնքների առաջիկա կառավարման քաղաքական պատկերը։

Հոկտեմբերի 25-ը լինելու է ոչ միայն համայնքապետերի և ավագանիների ընտրության օր, այլև իշխանության և ընդդիմադիր ուժերի համար հերթական կարևոր քաղաքական փորձությունը՝ արդեն տեղական մակարդակում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս