Armenian text to speach

Կոմիտասում վիճաբանությունն ավարտվել է դшնակահարությամբ․ կինը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում «Երևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 58 հասցեից «դանակահարություն պարանոցի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 51-ամյա Վահե Ա․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում վիրավորը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, գտնվելով Կոմիտասի պողոտա 36/8 հասցեի մոտ, իրեն է մոտեցել 52-ամյա Արաքսյա Ս․-ն, վիճաբանել, ապա դանակով մի քանի անգամ հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտա 58 հասցեի մոտից Արաքսյա Ս․-ին մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նա խոստովանել է կատարվածի մասին և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաքսյա Ս․-ն հաշվառված է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։




Լրահոս