Կանադացի վետերաններն ու զոհված զինծառայողների ընտանիքները քննադատում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների՝ կանադական զինված ուժերի հասցեին արված հայտարարությունները։
Քննադատության պատճառը, մասնավորապես, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունն է, թե Կանադան բավարար ներդրումներ չի կատարել իր զինված ուժերում և ԱՄՆ-ի պաշտպանության աջակցության կարիքն ունի։ Թրամփի տրանսպորտի նախարար Շոն Դաֆին ևս հայտարարել էր, որ Կանադան «զինված ուժեր չունի»։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը սոցիալական ցանցերում քննադատել էր կանադացի զինվորականներին, իսկ Թրամփը նախկինում պնդել էր, որ Աֆղանստանում կանադական և ՆԱՏՕ-ի այլ ուժերը բավարար չափով չեն մասնակցել առաջնագծի գործողություններին։
Կանադայի իշխանությունները դատապարտել են այդ հայտարարությունները։ Պաշտպանության նախարար Դեյվիդ ՄաքԳինտին Հեգսեթի գրառումները որակել է որպես իր պաշտոնին անհարիր, իսկ վարչապետ Մարկ Քարնին Թրամփին և Հեգսեթին մեղադրել է զինվորականների հաշվին «մեմեր ստեղծելու» մեջ։
Կանադան Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցել է ավելի քան 40 հազար զինծառայողով, որոնցից 158-ը զոհվել են։ Վետերան Փերի Չալմերսը, որը ծառայել է Աֆղանստանում, նշել է, որ նախկինում կանադացի և ամերիկացի զինվորականների միջև փոխադարձ հարգանք է եղել, սակայն վերջին հայտարարությունները փոխել են իր վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ։
Նման մտահոգություններ են հայտնել նաև այլ վետերաններ և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ։ Կանադացի զինվորականների մասնակցությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին երկար պատմություն ունի․ կանադացի զինծառայողները մասնակցել են նաև Երկրորդ համաշխարհային և Կորեական պատերազմներին։
Միևնույն ժամանակ, որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ քննադատել են Թրամփի վարչակազմի հայտարարությունները։ Արիզոնայի դեմոկրատ սենատոր Ռուբեն Գալեգոն դրանք անվանել է անհարգալից վերաբերմունք այն կանադացիների նկատմամբ, որոնք զոհվել են ամերիկացի զինվորականների հետ միասին ծառայելիս։




























