«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ իշխանության ներսում արդեն որոշում է կայացվել, թե ով է լինելու Սևանի համայնքապետի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն։
Ինչպես հայտնի է, Սևանի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 29-ին։
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ն այս ընտրություններին պարզապես թեկնածու առաջադրելու խնդիր չունի․ իշխանության ներսում Նիկոլ Փաշինյանը հստակ խնդիր է դրել՝ Սևանում իշխանափոխություն իրականացնել և համայնքում ՔՊ-ի հաղթանակն ապահովել։
Մեր տեղեկություններով՝ այդ նպատակով իշխանական ընտրությունը կանգ է առել Սուրեն Գրիգորյանի թեկնածության վրա։
Գրիգորյանը, ըստ մեր աղբյուրների, Սևանում երկար տարիներ գործունեություն է ծավալել, աշխատել է նաև Գեղարքունիքի մարզպետարանում և ՏՏ ոլորտում մասնագիտացած անձ է։ Սևանում նրան և նրա եղբորը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ճանաչում են որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ։
Իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, Գրիգորյանի թեկնածությունը դիտարկվում է հենց այն տրամաբանությամբ, որ Սևանում ՔՊ-ին անհրաժեշտ է ոչ միայն մասնակցել ընտրություններին, այլև վերցնել համայնքի կառավարումը։
Հատկանշական է, որ Սևանը Գեղարքունիքի այն համայնքներից է, որտեղ իշխանության դիրքերը մինչ այս միանշանակ չեն եղել։
Այս համատեքստում իշխանության ներսում Սուրեն Գրիգորյանի թեկնածության վերջնական ընտրությունը կարող է նշանակել, որ Սևանը Փաշինյանի համար առաջիկա ՏԻՄ ընտրությունների առանցքային համայնքներից է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի պահանջը բավական հստակ է՝ Սևանում պետք է արձանագրվի ՔՊ-ի հաղթանակ, իսկ համայնքի ներկայիս քաղաքական դասավորությունը պետք է փոխվի։
Թե ինչ մեթոդներով է իշխանությունը պատրաստվում այդ արդյունքն ապահովել, առաջիկայում առավել տեսանելի կդառնա։
Սոնա Գրիգորյան




























