Մոտ 1750 տարի առաջ ջուրը հանրահայտ հռոմեական ջրատարով դադարեց մուտք գործել դեպի ժամանակակից Ֆրանսիայի հարավի Նիմ քաղաք։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ պատճառը կարող էր լինել ոչ թե տեխնիկական խափանումը, այլ քաղաքի բնակչության կտրուկ նվազումը՝ Կիպրիանոսի ժանտախտ անունով հայտնի համաճարակի ժամանակ, գրում է Popular Mechanics-ը։
Մոտ 50 կիլոմետր երկարությամբ ջրատարը կառուցվել է մեր թվարկության մոտ 50 թվականին։ Դրա ամենահայտնի մասը Պոն դյու Գար կամուրջն է։ Մայնցի Յոհաննես Գուտենբերգի անվան համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են կարբոնատային նստվածքները, որոնք կուտակվել էին ջրանցքի պատերին, որպեսզի վերականգնեն Նիմի ջրամատակարարման պատմությունն ու շրջակա միջավայրի փոփոխությունները։
Դրա համար մասնագետները ջրատարի տասը հատվածից նմուշներ են վերցրել և իրականացրել իզոտոպային վերլուծություն։ Մոտ երկու սանտիմետր հաստությամբ կարբոնատի շերտերը ձևավորվում էին աստիճանաբար և պահպանում էին տեղեկություն ջրի մակարդակի, դրա ջերմաստիճանի և մարդու միջամտության մասին։ Ծառերի տարեկան օղակների նման՝ դրանք հնարավորություն տվեցին մի քանի դարերի ընթացքում հետևել կառույցի աշխատանքի փոփոխություններին։
Կառուցումից հետո առաջին 11 տարում ջրատարը ջրի պակաս էր զգում, ինչը համընկնում է չոր ժամանակաշրջանի մասին հայտնի վկայությունների հետ։ Այնուհետև համակարգին միացվել է լրացուցիչ աղբյուր։ Ավելացած հոսքին դիմակայելու համար ջրատարի որոշ հատվածներ բարձրացրել և ամրացրել են. այդ աշխատանքների հետքերը մինչ օրս տեսանելի են Պոն դյու Գարի վրա։
Մոտ 150 թվականին ջրի մակարդակը սկսեց նվազել։ Հետազոտողների գնահատմամբ՝ Նիմի համար նախատեսված ջրի մոտ կեսը շեղվել է դաշտերի ոռոգման համար։ Դատելով շեղված ջրի ծավալից՝ դա, հավանաբար, պաշտոնական որոշում էր, ոչ թե ինքնակամ միջամտություն։
Հաջորդ դարի ընթացքում ջրատարը շարունակեց անխափան գործել։ Սակայն III դարի կեսերին իրավիճակը կտրուկ փոխվեց։ Նստվածքներն ավելի ծակոտկեն դարձան և սկսեցին պարունակել կավ ու ավազ՝ նշան, որ կառույցն այլևս պատշաճ կերպով չէր սպասարկվում։ Սա համընկավ Հռոմեական կայսրության լայնածավալ տնտեսական և քաղաքական ճգնաժամի հետ։
Մոտ 270 թվականին Նիմ տանող ջրատարի հատվածի նստվածքները հանկարծ անհետացան։ Ջուրն այլևս չէր հասնում քաղաք, թեև հոսքի վերին մասի հատվածները շարունակում էին օգտագործվել առնվազն ևս 140 տարի։
Հետազոտողները ենթադրում են, որ այդ ժամանակ Նիմը համաճարակի հետևանքով կարող էր գրեթե ամայացած լինել։ III դարում մոլեգնած Կիպրիանոսի ժանտախտը լավ փաստագրված է Հյուսիսային Աֆրիկայում և Հռոմում, սակայն դրա տարածման մասին Արևմտյան Եվրոպայում շատ ավելի քիչ բան է հայտնի։ Նիմի ջրամատակարարման դադարեցումը կարող է վկայել այն մասին, որ համաճարակի հետևանքները հասել էին նաև ժամանակակից Ֆրանսիայի հարավ։
Լրացուցիչ փաստարկ է նաև այն, որ մոտ նույն ժամանակահատվածում անկման նշաններ են հայտնաբերվում տարածաշրջանի մեկ այլ քաղաքում՝ Կահորում՝ Նիմից մոտ 300 կիլոմետր արևմուտք։
Ընդ որում, ջրատարը չի անհետացել։ Հոսքի վերին մասում բնակվողները և հողատերերը շարունակում էին դրանից ջուր ստանալ՝ երբեմն նույնիսկ անցքեր բացելով կառույցի մեջ։ Դատելով հետազոտության տվյալներից՝ ջրատարը հնարավոր էր վերանորոգել, սակայն Նիմի քաղաքային բնակչությունն ու բարեկեցությունը, հավանաբար, այնքան էին նվազել, որ լիարժեք ջրամատակարարումը վերականգնելն այլևս իմաստ չուներ։


















































































