ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների հարցն արդեն լուծել են:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր որևէ ուժի ներկայացուցիչ հանձնաժողովում ընդգրկված չէ, երկու խմբակցությունն էլ հրաժարվել է մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
Մեր տեղեկություններով հանձնաժողովի անդամներն են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը և Գոռ Արշակյանը։
Փաստացի ստացվում է, որ իշխանությունն ինքն է ձևավորել մի մարմին, որն ուսումնասիրելու է Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամը, սակայն դրա կազմում չի ընդգրկել խորհրդարանական ընդդիմությանը։
Սա լուրջ հարցեր է առաջացնում քննության բազմակողմանիության, անկողմնակալության և հանրային վստահության վերաբերյալ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանությունը մտադիր է խորհրդարանական այս ձևաչափով ուսումնասիրել Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։ Հանձնաժողովի աշխատանքի ընթացքում առանցքային հարցերից մեկը կարող է դառնալ նաև այն, թե ինչ շրջանակների և անձանց է այն հրավիրելու քննարկումների, ինչ հանգամանքներ է փորձելու պարզել և ինչ մեխանիզմներով է հիմնավորելու իր եզրակացությունները։
Հատկանշական է, որ իշխանության նախաձեռնությամբ ստեղծված այս հանձնաժողովի գործունեության առարկան ձևակերպված է բավական լայն՝ Եկեղեցու ճգնաժամից մինչև ազգային ինքնության պահպանման գործում նրա առաքելության չկատարման խնդիրները։ Սակայն որքանո՞վ հնարավոր կլինի այս հարցերի շուրջ օբյեկտիվ եզրակացություններ անել, եթե քննությունն իրականացնելու են միայն իշխող ուժի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ Եկեղեցու շուրջ զարգացումները վերջին շրջանում դարձել են իշխանության և հոգևոր կառույցի միջև լարվածության առանցքային թեմաներից մեկը։ Հանձնաժողովի կազմի հրապարակումից հետո հարց է առաջանում՝ արդյոք այն ծառայելո՞ւ է հանգամանքների համակողմանի ուսումնասիրմանը, թե՞ վերածվելու է քաղաքական մեծամասնության օրակարգն առաջ մղելու հերթական հարթակի։
Սոնա Գրիգորյան






















