Armenian text to speach

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում Կառավարության մի շարք ներկայացուցիչներ հանդիպում կունենան արցախցիների հետ։ Մեր տեղեկություններով՝ հանդիպումն ընդունելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ հանդիպում անցկացնելու որոշումը կայացվել է երեկ՝ հոկտեմբերի 8-ին։

ArmLur.am-ը զրուցել է նաև օրերս Ազգային ժողովի դիմաց նստացույց իրականացրած արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։ Վերջինս հաստատել է մեր տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին հանդիպմանը մասնակցելու համար խումբ է ձևավորում, որ անվանացանկ ներկայացնի ԱԺ-ին։ Անաստաս Իսրայելյանն իր նստացույցը դադարեցրել է երեկ ժամը 18։00-ից հետո, երբ հայտնեցին, որ ընդունելու են արցախցիներին։

«Մնացած ամեն ինչ դեռ գործընթացի մեջ է։ Ես ամենօրյա ռեժիմով շփվում եմ արցախահայության հետ։ Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղում, որոնք բոլորը բարձրաձայնվելու են հոկտեմբերի 13-ին՝ ԱԺ-ում կայանալիք հանդիպման ընթացքում»,- նշել է Իսրայելյանը։

Նա նաև հայտնել է, որ նստացույցի ընթացքում բոլորը մոտեցել են իրեն, և ինքն էլ նրանցից պահանջել է հստակ դիրքորոշում ու լուծումներ ներկայացնել։ Հասարակական գործչի խոսքով՝ դրանից հետո, հավանաբար, որոշում է կայացվել արցախցիներին ընդունել Ազգային ժողովում։

Նանիկ Աղասյան




Լրահոս