Եվրամիությունը ուժեղացրել է ճնշումը Ռուսաստանի վրա՝ Սիբիրում ժանտախտի կասկածելի դեպքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու պահանջով։ Բրյուսելը նշում է, որ առանց հավաստի տվյալների հնարավոր չէ գնահատել համաճարակաբանական իրավիճակը և այլ երկրների համար հնարավոր ռիսկերը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Եվրահանձնաժողովի առողջապահության հարցերով խոսնակ Եվա Հռնցիրովան հոկտեմբերի 8-ին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հնարավորինս շուտ հրապարակի ժանտախտի դեպքի վերաբերյալ տեղեկությունները։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել իրավիճակը, որպեսզի մասնագետները կարողանան գնահատել ռիսկերը և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Հոկտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովը հրավիրել էր ԵՄ առողջապահական անվտանգության կոմիտեի նիստը, որին մասնակցել են անդամ 27 երկրների ներկայացուցիչները, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները։ Սակայն հավաստի տեղեկատվության բացակայության պատճառով նիստի արդյունքում կոնկրետ որոշումներ չեն ընդունվել։
Եվրահանձնաժողովը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կարճ ժամանակում կրկին հրավիրել կոմիտեի նիստը։
Խնդիրը կապված է Սիբիրի հարավ-արևելքում գտնվող Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի գիտահետազոտական ինստիտուտի կին աշխատակցի մահվան հետ։ Նա մահացել է հոկտեմբերի 2-ին՝ անհայտ պատճառներով։ Սկզբում մահվան պատճառը նշվել էր որպես անհայտ ծագման թոքաբորբ։
Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսպոտրեբնադզորը, հայտարարել է, որ աշխատակիցը պատվաստված է եղել և ունեցել է իմունիտետ այն վտանգավոր վարակների նկատմամբ, որոնց հետ աշխատել է։ Գերատեսչության տվյալներով՝ իրականացված շուրջ 5000 լաբորատոր հետազոտությամբ վտանգավոր հարուցիչներ չեն հայտնաբերվել։
Նույն կառույցի հաղորդմամբ՝ մահացածի հետ շփում ունեցած անձանց ավելի քան 90 տոկոսն ավարտել է բժշկական հսկողության փուլը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է խնդրել՝ պարզելու աշխատակցի մահվան հանգամանքները, կարանտինային միջոցառումների պատճառ դարձած հարուցիչը և երկրորդ հնարավոր դեպքի վերաբերյալ հաղորդումները։ Մոսկվան երկրորդ դեպքի մասին տեղեկությունները որակել է կեղծ։
Ռուսաստանից ճշգրիտ և ժամանակին տեղեկատվություն տրամադրելու պահանջով հանդես է եկել նաև ԱՄՆ-ն։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի կառավարությանը՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, և կապի մեջ է նաև այլ երկրների հետ՝ տվյալները փոխանակելու նպատակով։
Euronews-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց նախատեսելու մասին՝ ժանտախտի հնարավոր բռնկման հարցը քննարկելու նպատակով։
Մինչդեռ Մոսկվան պնդում է, որ համաճարակի տարածման վտանգ չկա։
Անի Վարդանյան






















