Armenian text to speach

Իռլանդիան առաջարկել է 159 մլրդ եվրոյով կրճատել ԵՄ յոթնամյա բյուջեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության խորհրդում նախագահող Իռլանդիան առաջարկել է 159 միլիարդ եվրոյով կրճատել կառույցի հաջորդ յոթնամյա բյուջեն՝ Եվրահանձնաժողովի նախնական ծրագրի համեմատ, հայտնում է Politico-ն։

Նոր տարբերակը նախատեսում է ծախսերի նվազեցում մոտ 8%-ով և նպատակ ունի փոխզիջում գտնել էական տնտեսում պահանջող երկրների և ֆինանսավորման կրճատմանը դեմ արտահայտվող պետությունների միջև։

Շաբաթ օրը ներկայացված բանակցային փաստաթուղթը նախատեսում է 122 միլիարդ եվրոյի ծախսերի կրճատում (ընթացիկ գներով)՝ հունիսին ԵՄ խորհրդում նախագահող Կիպրոսի պատրաստած նախորդ տարբերակի համեմատ։ Այս առաջարկները հիմք կծառայեն Եվրամիության 27 երկրների ղեկավարների միջև հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովի բարդ քննարկումների համար։

Եվրամիությունում ձևավորվել է երկու ճամբար։ Այսպես կոչված «խնայող» երկրները՝ Գերմանիայի գլխավորությամբ, ձգտում են բյուջեի կրճատմանը, որի ծավալը նախնական առաջարկով կազմում էր գրեթե 2 տրիլիոն եվրո։ «Համախմբվածության բարեկամներ» խմբում միավորված հարավային և արևելյան պետությունները դեմ են արտահայտվում ծախսերի էական նվազեցմանը։

Փոխզիջում գտնելու փորձ կատարելով՝ Իռլանդիան որոշել է չկրճատել ֆերմերներին տրամադրվող սուբսիդիաներն ու տարածաշրջանների զարգացման վճարումները։ Այս ուղղություններին բաժին է ընկնում բյուջեի մոտ կեսը, և դրանք քաղաքական մեծ նշանակություն ունեն ԵՄ շատ երկրների համար։

Հիմնական կրճատումները վերաբերել են ծախսային այլ հոդվածների․ արտաքին օգնության ֆինանսավորումն առաջարկվում է կրճատել 38 միլիարդ եվրոյով, մրցունակության բարձրացման ծրագրերինը՝ 75 միլիարդով, իսկ Եվրամիության վարչական ծախսերը՝ 10 միլիարդով։ Բացի այդ, նախագծից հանվել է պահուստային ֆոնդը, որը Եվրահանձնաժողովին թույլ էր տալիս միջոցներ հատկացնել յոթնամյա բյուջետային ժամանակահատվածում աննախատեսելի արտակարգ իրավիճակների համար։

Բանակցությունները գլխավորող Իռլանդիայի՝ եվրոպական հարցերով պետական նախարար Թոմաս Բիրնը, առաջարկն անվանել է հավասարակշռված փոխզիջում։ Նրա խոսքով՝ նախագահությունը պաշտպանել է ԵՄ ավանդական քաղաքականության ուղղությունները՝ միաժամանակ պահպանելով ուշադրությունը կառույցի ապագա առաջնահերթությունների նկատմամբ։

Այնուամենայնիվ, այս մոտեցումը չի գոհացրել խիստ տնտեսման կողմնակիցներին։ Եվրոպացի դիվանագետներից մեկը իռլանդական տարբերակն անվանել է հիասթափեցնող և նշել, որ այն կողմերին չի մոտեցնում համաձայնությանը։ Նրա կարծիքով՝ առաջարկվող ծախսերի ծավալը մնում է ֆինանսապես անկայուն, իսկ նոր առաջնահերթությունների ֆինանսավորման կրճատումը խանգարում է ԵՄ-ին պատրաստվել 21-րդ դարի մարտահրավերներին։

Փաստաթղթին քննադատորեն է վերաբերվել նաև Եվրոպական խորհրդարանը։ Բյուջետային հարցերով Եվրոպական ժողովրդական կուսակցության բանակցող Զիգֆրիդ Մուրեշանը հայտարարել է, որ առաջարկը էական նոր լուծումներ չի պարունակում, և խորհրդարանը դրան համաձայնություն չի տա։

ԵՄ երկրների դեսպանները փաստաթուղթը կքննարկեն կիրակի օրը, ինչից հետո կառույցի ղեկավարները բյուջեն կդիտարկեն հինգշաբթի կայանալիք գագաթնաժողովում։ Կառավարությունները ձգտում են ընդհանուր դիրքորոշում համաձայնեցնել մինչև տարեվերջ, քանի որ Ֆրանսիայում, Լեհաստանում և Իտալիայում սպասվող ընտրությունները կարող են բարդացնել բանակցությունները։

Իռլանդական նախագահությունը նախագծում պահպանել է նաև Եվրահանձնաժողովի առաջարկած ԵՄ եկամուտների նոր 5 աղբյուրները։ Հանձնաժողովի հաշվարկներով՝ դրանք կարող էին 66 միլիարդ եվրո բերել բյուջեին։

Եվրահանձնաժողովի որոշ նախաձեռնություններ, ներառյալ CORE կորպորատիվ հարկը և ETS արտանետումների առևտրի համակարգի շրջանակում շրջակա միջավայրը աղտոտող ձեռնարկություններից գանձվող տուրքը, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ արժանանում են անդամ պետությունների առարկություններին։

Վիճահարույց առաջարկներից հրաժարվելու փոխարեն Իռլանդիան առաջարկել է տեխնիկական փոփոխություններ։ Մասնավորապես, առաջարկվում է ավելի աղքատ երկրների համար ETS-ի գծով մուծումները, որոնց վրա այս տուրքն առավել ուժեղ է ազդում, ներդնել աստիճանաբար։ Առաջարկվում է նաև ավելացնել մուտքերը ԵՄ բյուջե՝ ածխածնատար ապրանքների ներմուծման տուրքի հաշվին, որին աջակցում է կառավարությունների մեծ մասը։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան մտադիր է հինգշաբթի օրը կայանալիք գագաթնաժողովում քննարկել, թե հնարավոր նոր հարկերից որոնք կարող են ստանալ Եվրամիության երկրների աջակցությունը։




Լրահոս