Հայաստանի 10 մարզի 21 համայնքում հոկտեմբերի 25-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Նախընտրական քարոզարշավն արդեն ակտիվ փուլում է, իսկ քաղաքական ուժերը փորձում են վերջին շաբաթներին հնարավորինս ամրապնդել իրենց դիրքերը։ Որոշ համայնքներում սպասվում է մրցակցային պայքար, մինչդեռ մի շարք բնակավայրերում ընտրողների ընտրությունը կարող է սահմանափակվել մեկ քաղաքական ուժի օգտին կամ դեմ քվեարկելով։
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական դաշտում հերթական ակտիվ փուլն է։ Ընտրությունները միաժամանակ անցկացվելու են հանրապետության 10 մարզի 21 համայնքում՝ տարբեր քաղաքական և ընտրական պայմաններում։ 19 համայնքում քվեարկությունը կազմակերպվելու է համամասնական, իսկ երկու համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով։
Armlur.am-ը տեղեկացրել էր, որ նախընտրական քարոզարշավը համամասնական ընտրակարգով համայնքներում մեկնարկել է սեպտեմբերի 30-ին, իսկ մեծամասնական ընտրակարգով համայնքներում՝ հոկտեմբերի 5-ին։ Քարոզչությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 23-ի ժամը 24։00-ն։
Այսպիսով, քարոզարշավի ավարտին մնացել է մոտ երկու շաբաթ:
Հոկտեմբերի 25-ին ընտրություններ են նախատեսված հետևյալ համայնքներում՝
• Արարատի մարզում՝ Արտաշատ։
• Արմավիրի մարզում՝ Արմավիր և Արաքս։
• Գեղարքունիքի մարզում՝ Գավառ, Մարտունի և Վարդենիս։
• Լոռու մարզում՝ Ստեփանավան և Ֆիոլետովո։
• Կոտայքի մարզում՝ Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի։
• Շիրակի մարզում՝ Արթիկ և Ախուրյան։
• Սյունիքի մարզում՝ Գորիս և Մեղրի։
• Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք։
• Տավուշի մարզում՝ Դիլիջան և Իջևան։
• Արագածոտնի մարզում՝ Շամիրամ։
ՔՊ-ն՝ գործող համայնքապետերի առաջատարությամբ
Այս ընտրությունների ուշագրավ առանձնահատկություններից մեկն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրվել է բոլոր 21 համայնքներում։ Մի շարք համայնքներում կուսակցության ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը։
Մասնավորապես՝ Արտաշատում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Կառլեն Մկրտչյանը, Գավառում՝ Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունիում՝ Հովհաննես Հովեյանը, Վարդենիսում՝ Ահարոն Խաչատրյանը, Արթիկում՝ Անան Ոսկանյանը, իսկ Ախուրյանում՝ Զավեն Մանուկյանը։
Որտե՞ղ է պայքարն առավել ուշագրավ
Հոկտեմբերի 25-ի ընտրությունների քաղաքական պատկերը բոլոր համայնքներում նույնը չէ։ Որոշ բնակավայրերում մի քանի քաղաքական ուժեր են պայքարում ավագանու տեղերի համար, մյուսներում մրցակցությունն ավելի սահմանափակ է։
Արթիկում, օրինակ, պայքարին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունները։ Քաղաքական այդպիսի բազմազանությունը ընտրողներին այլընտրանքներ է տալիս, իսկ թեկնածուների համար մեծացնում է ընտրողների վստահությունը շահելու անհրաժեշտությունը։
Ախուրյանում իրավիճակն այլ է․ ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն։ Այս պարագայում ընտրողը քվեարկելու է կուսակցության օգտին կամ դեմ։ Եթե մասնակցած ընտրողների ձայների մեծամասնությունը չապահովվի՝ օրենքով նախատեսված շեմի համաձայն, ընտրությունները կհամարվեն չկայացած։ Նման պայմաններում քարոզարշավի հիմնական հարցը ոչ միայն մասնակցության ծավալն է, այլև այն, թե որքան աջակցություն կստանա միակ մասնակից քաղաքական ուժը։ ։
Ուշադրության կենտրոնում է նաև Իջևանը, որտեղ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարել է քարոզարշավի և կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման նպատակով դրամահավաք սկսելու մասին։ Կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Վարդապետյանի հրապարակած հայտարարության համաձայն՝ իրենք աջակցության են դիմել քաղաքացիներին՝ նշելով, որ չունեն իշխանական լծակներ և խոշոր ֆինանսավորողների աջակցություն։ ։
Քարոզարշավի այս փուլում առանցքային հարցերից մեկն այն է, թե գործող համայնքապետերն ինչպես են համատեղում համայնքի ընթացիկ կառավարումն ու ընտրական պայքարը։
Հոկտեմբերի 25-ի ընտրությունները կարևոր են ոչ միայն համայնքային իշխանությունների ձևավորման, այլև քաղաքական ուժերի՝ տեղերում ունեցած ազդեցությունը գնահատելու տեսանկյունից։ Ընտրությունների արդյունքներով հնարավոր կլինի հասկանալ, թե գործող ղեկավարներից ովքեր են կարողանում պահպանել իրենց դիրքերը, որտեղ է մեծանում քաղաքական մրցակցությունը, և որ ուժերն են կարողանում ընտրողների շրջանում աջակցություն ընդլայնել։
[12.10.2026 8:41] Սոնա Գրիգորյան: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ հինգ համայնքում, ըստ ընտրությունների վերաբերյալ հրապարակված ամփոփ տվյալների, մասնակցում է միայն մեկ քաղաքական ուժ։ Սա ընտրական գործընթացի նկատմամբ հանրային հետաքրքրությունը մեծացնելու և ընտրողների մասնակցությունն ապահովելու առումով լրացուցիչ մարտահրավեր է։ ։
Հոկտեմբերի 25-ը, այսպիսով, լինելու է համայնքային քաղաքական ուժերի դիրքերի ստուգման օր։ Սակայն ընտրությունների իրական պատկերը կձևավորվի ոչ միայն կուսակցությունների ցուցակներով կամ թեկնածուների հրապարակային հանդիպումներով, այլև ընտրողների մասնակցությամբ, մրցակցության որակով և այն վստահությամբ, որը քաղաքական ուժերը կկարողանան ձեռք բերել իրենց համայնքներում։
Սոնա Գրիգորյան






















