Armenian text to speach

Հունվարի 1-ից բարձր աշխատավարձեր կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի նոր համակարգ է հաստատվել․

2027 թվականի հունվարի 1-ից քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պաշտոնյաների, համայնքային ծառայողների ու տեխնիկական աշխատակիցների աշխատավարձերը կհաշվարկվեն նոր գործակիցներով։ Ուշագրավն այն է, որ որոշ պաշտոնյաների աշխատավարձերը զգալիորեն կաճեն, իսկ որոշման ընդունումը տեղի է ունեցել առանց հարցի առանձին զեկուցման և լիարժեք քննարկման։

Երևանի ավագանին նախագիծն ընդունել է 36 կողմ, 17 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։ Ընդդիմադիր խմբակցությունները պահանջել են հարցը քննարկել առանձին, սակայն այդ առաջարկը չի ընդունվել:

Ովքեր ինչքան աշխատավարձ կստանան

Ըստ հրապարակված հաշվարկների՝ աշխատավարձերի փոփոխությունները հետևյալն են.
Տիգրան Ավինյան՝ Երևանի քաղաքապետ
2,080,000 դրամ

Ներկայիս՝ 1,320,000 դրամ • աճը՝ 760,000 դրամ

Քաղաքապետի առաջին
տեղակալ
1,913,600 դրամ
Ներկայիս՝ 1,020,000 դրամ • աճը՝ 893,600 դրամ

Քաղաքապետի մյուս տեղակալները
1,830,400 դրամ
Ներկայիս՝ 952,000 դրամ • աճը՝ 878,400 դրամ

Վարչական շրջանների ղեկավարները
1,248,000 դրամ
Ներկայիս՝ 850,000 դրամ • աճը՝ 398,000 դրամ

Քաղաքապետի խորհրդականները
915,200 դրամ
Ներկայիս՝ 629,000 դրամ • աճը՝ 286,200 դրամ

Իսկ ի՞նչ է կատարվում շարքային աշխատակիցների հետ

Նախագծով աշխատավարձերի հաշվարկման գործակիցներ են սահմանվել նաև համայնքային ծառայողների, վարչական շրջանների տեխնիկական աշխատակիցների և պայմանագրային հիմունքներով աշխատողների համար։ Սակայն ղեկավար կազմի և ամենացածր վարձատրվող աշխատակիցների միջև տարբերությունը շարունակում է աչքի ընկնել։
Օրինակ՝ նախագծով քաղաքապետի պաշտոնի գործակիցը 25 է, իսկ վարչական շրջանների հավաքարարների, պահակների և բանվորների գործակիցը՝ 2.7։ Տեխնիկական աշխատողների համար նախատեսվել է 2.5 գործակից։ Այսինքն՝ քաղաքապետի գործակիցը մոտ 9.3 անգամ բարձր է հավաքարարի, պահակի կամ բանվորի գործակցից։
Ավելին՝ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նախագծում առանձին անդրադարձ չկա «Երևան ավտոբուս» ընկերության վարորդների և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։

Ինչո՞ւ է իշխանությունը պնդում, որ սա պարզապես աշխատավարձի բարձրացում չէ

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել է, որ այս փուլում սահմանվում են աշխատավարձերի հաշվարկման գործակիցները, իսկ բազային աշխատավարձը որոշվելու է Երևանի տվյալ տարվա բյուջեով։ Նրա խոսքով՝ նոր համակարգով նախկինում պարգևավճարների տեսքով վճարվող գումարները ներառվելու են աշխատավարձերում, ուստի փոփոխությունը պետք չէ դիտարկել միայն աշխատավարձի և պարգևավճարի առանձին թվերը համեմատելով։ Նա նաև նշել է, որ փոփոխությունը վերաբերում է շուրջ 2000 աշխատակցի։
Այստեղ, սակայն, առանցքային հարց է առաջանում․ եթե աշխատավարձերի նոր չափերը դեռ կախված են բյուջեով սահմանվելիք բազային աշխատավարձից, ապա ինչո՞ւ որոշման ընդունման պահին հանրությանը ներկայացվում են արդեն կոնկրետ միլիոնանոց թվեր՝ առանց բոլոր աշխատակիցների համար վերջնական հաշվարկների ամբողջական հրապարակման։

Սոնա Գրիգորյան




Լրահոս