Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-ը՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամաբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել Գևորգ Թորոսյանը։ Նա փոխարինելու եկավ սեպտեմբերի 3-ին պաշտոնից ազատված Միհրան Խաչատրյանին։
Գևորգ Թորոսյանը ծնվել է 1997 թվականին, մասնագիտությամբ տնտեսագետ, իրավագետ է։ Ավարտելով ուսումը տեղական երկու համալսարաններում՝ Երևանի պետական և Հրաչյա Աճառյանի անվան, նա սովորել է Շվեյցարիայի Բեռնի համալսարանի Առևտրի համաշխարհային ինստիտուտում՝ ստանալով միջազգային առևտրի իրավունքի և տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։
2004–ից 2011 թվականներին աշխատել է որպես անկախ խորհրդատու՝ միջազգային զարգացման ծրագրերում։ Մասնակցել է առևտրի դյուրացման, Եվրամիության օրենսդրությանը Հայաստանի օրենսդրության մոտարկման, ենթակառուցվածքային բարեփոխումների և օտարերկրյա ներդրումների ներգրավման աշխատանքներին։
5 տարի դասավանդել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում՝ վարելով միջազգային տնտեսագիտության, առևտրի և տնտեսական իրավունքի դասընթացները։
2006-ից մինչև 2008-ը աշխատել է «Emerging Markets Group» ընկերության կազմում՝ Հայաստանում ֆինանսական շուկաների զարգացման ծրագրում զբաղեցնելով իրավական և կարգավորման հարցերով խորհրդատուի պաշտոնը։ Ապա աշխատել է Վաշինգտոնում գործող «Pragma Corporation» ընկերությունում՝ որպես ծրագրերի ավագ ղեկավար։ Այստեղ Թորոսյանը համակարգել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Այդ ընթացքում նա ներգրավված է եղել նաև Հայաստանում ավիացիայի ոլորտի ազատականացման և «բաց երկնքի» քաղաքականության ներդրման աշխատանքներում։
2017–ից մինչև 2023 թվականը շարունակել է աշխատել որպես անկախ խորհրդատու՝ համագործակցելով Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և միջազգային այլ կառույցների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում։ 2018–ից 2022-ը եղել է Համաշխարհային բանկի խորհրդատու՝ կարգավորման ազդեցության գնահատման և փաստահեն քաղաքականության մշակման հարցերով, իսկ 2021–ից 2022 թվականներին՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի խորհրդատու՝ ավիացիայի ոլորտի բարեփոխումների ուղղությամբ։
Մինչ ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակվելը Թորոսյանն աշխատել է Վաշինգտոնում գործող «Integra Government Services International» ընկերությունում՝ զբաղեցնելով ծրագրերի գնահատման և տնտեսական հետազոտությունների տնօրենի պաշտոնը։ Նա ղեկավարել է ԱՄՆ պետական կառույցների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի տարբեր երկրներում։
























