ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ներքին գործերի նախարարությունը նոր արտաբյուջետային բանկային հաշիվ կբացի՝ անձը հաստատող փաստաթղթերի համար գանձվող պետական տուրքերի և մասնավոր գործընկերոջը վճարվելիք գումարների տնօրինման նպատակով։ Խոսքը վերաբերում է անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման ոլորտում պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում իրականացվող ֆինանսական գործառնություններին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 25-ին Ներքին գործերի նախարարության և «Հայփաս» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր։ Այժմ Կառավարությունը նախատեսում է թույլատրել ՆԳՆ-ին առևտրային բանկերից մեկում արտաբյուջետային հաշիվ բացել՝ այդ պայմանագրով նախատեսված ֆինանսական հոսքերը կառավարելու համար։ Ի՞նչ գումարներ են մուտքագրվելու հաշվին Նախագծի համաձայն՝ արտաբյուջետային հաշվին գումարներ կարող են մուտքագրվել բացառապես որոշակի նպատակներով։ Դրանք ներառում են մասնավոր գործընկերոջը վերապահված անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի տրամադրման համար սահմանված պետական տուրքերը, ինչպես նաև հյուպատոսական ծառայությունների հետ կապված համապատասխան վճարները։ Նախագծով նախատեսվում են նաև գործարքներ այն քաղաքացիների համար, որոնց պետությունը պետական տուրքի ամբողջական կամ մասնակի վճարման ձևով աջակցություն է տրամադրում, ինչպես նաև օրենքով պետական տուրքից ազատված անձանց փաստաթղթերի տրամադրման դիմաց մասնավոր գործընկերոջը վճարվելիք գումարների փոխանցման մեխանիզմներ։
Այսինքն՝ նախագծի առանցքում ոչ միայն բանկային հաշիվ բացելու հարցն է, այլև անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ կապված ֆինանսական միջոցների շարժի կարգավորումը։
Ո՞վ է տնօրինելու հաշիվը
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նախագծով սահմանվում է, որ արտաբյուջետային բանկային հաշվի միակ հաշվետերը լինելու է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ Սակայն հաշվում առկա գումարները չեն կարող տնօրինվել կամայականորեն։ Հաշվից ելքերը նախատեսվում է իրականացնել միայն պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրով սահմանված կարգով և ընթացակարգերով՝ երկու ուղղությամբ՝ մասնավոր գործընկերոջ հաշվեհամարին և գանձապետական միասնական հաշվին։
Հատկանշական է նաև, որ եթե առևտրային բանկը հաշվին առկա դրական մնացորդի դիմաց տոկոսներ առաջարկի, այդ տոկոսները պատկանելու են Հայաստանի Հանրապետությանը և ուղղվելու են գանձապետական միասնական հաշվին։
Ո՞ր բանկն է սպասարկելու հաշիվը
Նախագծի համաձայն՝ ՆԳՆ-ն չի կարող հաշիվը բացել ցանկացած բանկում։ Ընտրվող բանկի երկարաժամկետ վարկային վարկանիշը պետք է առնվազն համապատասխանի միջազգային վարկանիշային կազմակերպություններից մեկի՝ Moody’s-ի, Fitch Ratings-ի կամ S&P Global Ratings-ի կողմից Հայաստանին շնորհված սուվերեն վարկանիշին։ Բանկի ընտրությունը կատարելու է ՆԳՆ-ն՝ համապատասխանող բանկերի առաջարկները համեմատելու միջոցով։
Հաշվի են առնվելու հաշվի բացման և սպասարկման վճարները, մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսադրույքը, փոխանցումների միջնորդավճարները, ինչպես նաև առցանց բանկային ծառայությունների արժեքը։ Նախագիծը նախատեսում է նաև գործող բանկին փոխարինելու հնարավորություն, եթե վերջինս այլևս չհամապատասխանի սահմանված պահանջներին, էապես փոխվեն սպասարկման պայմանները կամ առաջանան պայմանագրի լուծման հիմքեր։ Ընդ որում՝ պետք է ապահովվի բանկային սպասարկման անընդհատությունը։
Սոնա Գրիգորյան
























































































