«Ժողովուրդ» օրաթերթը Դիլիջանի աղբավայրի անմխիթար վիճակի և այնտեղ հաճախակի բռնկվող հրդեհների վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել խնդրի լուծման ուղղությամբ և ինչն է աղբավայրում պարբերաբար բռնկվող հրդեհների պատճառը։
Տեսչական մարմնից ի պատասխան հայտնել են, որ 2025-2026 թվականներին իրականացված վերահսկողական գործառույթների շրջանակում Դիլիջանի աղբավայրում արձանագրվել է հրդեհի բռնկման 22 դեպք։ Դրանցից միայն 2-ի վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժին, իսկ մյուս 20 դեպքով նյութերն ուղարկվել են Տավուշի մարզպետարան՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Ավելին՝ տեսչական մարմնի փոխանցմամբ՝ հարուցված վարչական վարույթների շրջանակում և Դիլիջանի ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ բոլոր 22 դեպքերում էլ հրդեհների պատճառը եղել է աղբի ինքնաբռնկումը կամ ինքնայրումը։
Սակայն Դիլիջանի աղբավայրում պարբերաբար բռնկվող հրդեհներն ու դրա անմխիթար վիճակը շարունակում են հարցեր առաջացնել։ Ստացվում է՝ երկու տարվա ընթացքում արձանագրվել է 22 հրդեհ, բայց դրանցից ոչ մեկի դեպքում, ըստ պաշտոնական պատասխանի, աղբի ինքնայրումից բացի այլ պատճառ չի արձանագրվել։
Մինչդեռ Դիլիջանի համայնքի բնակիչների շրջանում այլ կարծիք կա։ Նրանց համոզմամբ՝ աղբավայրում հրդեհները կարող են միտումնավոր բռնկվել՝ տարածքը հրդեհների միջոցով «մաքրելու» և աղբից ազատելու նպատակով։ Սա բնակիչների կասկածն է, որը, սակայն, պաշտոնական պատասխանում ո՛չ հաստատվում, ո՛չ էլ հերքվում է առանձին քննության արդյունքներով։
Հարց է առաջանում՝ եթե Դիլիջանի աղբավայրում հրդեհներն այսքան հաճախակի են, ապա ի՞նչ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում՝ դրանք բացառելու համար։ Եվ եթե յուրաքանչյուր դեպքի պատճառը աղբի ինքնայրումն է, ապա ո՞վ է պատասխանատու աղբավայրի պատշաճ կառավարման, սանիտարական վիճակի և հրդեհային անվտանգության ապահովման համար։
Փաստն այն է, որ աղբավայրում արձանագրված 22 հրդեհի մասին պաշտոնական տվյալներ կան, իսկ խնդրի համակարգային լուծման և հրդեհների կանխարգելման արդյունավետության մասին հարցերը դեռ մնում են բաց։
Ոսկան Սարգսյան



















































































